Քաղաքացի Մայիս Գ.-ն հայտնել է, որ 2016 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները իր բնակարանում, այնուհետեւ բակում, հարեւանուհու հետ վիճաբանելու համար իր նկատմամբ բռնություն են կիրառել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մայիս Գ.-ի ստացած մարմնական վնասվածքները առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում:
Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Մայիս Գ.-ն լրացուցիչ բացատրությամբ հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողներն իրեն ծեծի չեն ենթարկել եւ մարմնական վնասվածքներ չեն պատճառել, իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել, քանի որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ՝ հիշելով, որ վերջիններս պաշտպանել են հարեւանուհու շահերը: Ինչ վերաբերում է իր մոտ հայտնաբերված մարմնական վնասվածքներին, ապա դրանք ստացել է հարբած վիճակում իրենց շենքի բակում վայր ընկնելու հետեւանքով:
Ծանր հանցագործության մեջ մեղադրելով սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:





























