Վերին Լարս անցակետի փակվելուց անմիջապես հետո Երեւան- Մոսկվա չվերթների ավիատոմսերի գները կտրուկ թանկացել են: Այս մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նապագահ Կարեն Չիլինգարյանը:

Նրա խոսքով, ընդամենը 15-20 օր առաջ, երբ անցակետը բաց էր, դեպի Մոսկվա եւ հետադարձի տոմսը կարելի էր գնել 100 հազար դրամից քիչ ավելիով, իսկ հիմա այն առնվազն 150 հազար դրամ արժե, իսկ «Աէրոֆլոտում»՝ նույնիսկ 200-210 հազար դրամ ( մոտ 420-430 դոլար): «Ավիաընկերությունն օգտվում է իրավիճակից ու բարձրացնում գները, ինչը անթույլատրելի է»,- շեշտել է Չիլինգարյանը:

Հիշեցնենք, որ Վերին Լարս անցակետը փակվել է սելավաջրերի հետեւանքով Ռազմավրացական ճանապարհի մի հատվածի փլվելու պատճառով: Վրաստանն ու Հայաստանը հիմա զրկված են Ռուսաստանի հետ ցամաքային կապից: