ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 4-ին, ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Հեյդար ալ Աբադիին՝ Բաղդադի Ալ Քարադե թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են հարյուրավոր անմեղ քաղաքացիներ։
«Հայաստանը խստորեն դատապարտում է այդ ահաբեկչությունը, որի նպատակը ինչպես Իրաքում, այնպես էլ տարածաշրջանում անկայունության նոր ալիք հրահրելն է: Մարտի դաշտում իրաքյան բանակի տարած հաղթանակներից խուճապահար ահաբեկիչները նենգորեն իրենց թիրախն են դարձնում քաղաքացիական անձանց: Ռամադան սուրբ ամսվա ընթացքում խաղաղ բնակչության նկատմամբ այս սոսկալի հանցագործությունները որեւէ արդարացում չունեն: Մեր զորակցությունն ենք հայտնում բարեկամ Իրաքին՝ երկրի տարածքում ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելուն ուղղված վճռական ջանքերում։
Վշտի եւ կորստյան այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իրաքի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:





























