Ադրբեջանի Զինված ուժերը հունիսի 30-ի ցերեկն անկանոն կրակ էին բացել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտակայքում՝ գյուղատնտեսական նշանակության տարածքներում, բերք հավաքող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։
Նույն օրը Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը ԼՂՀ օմբուդսմնեի աշխատակազմին էր ներկայացրել համապատասխան հայտարարություն։ Գյուղապետը նաեւ տեղեկացրել էր, որ անվտանգության նկատառումներով բերքահավաքի աշխատանքները դադարեցվել են։
ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը կտրուկ դատապարտել է Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից Թալիշ գյուղի խաղաղ բնակիչների կյանքի ու ունեցվածքի իրավունքները ոտնահարելը, միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումը։ Օմբուդսմենը միջազգային պատկան կազմակերպություններին, հատկապես Ադրբեջանում գործողներին, կոչ էր արել քայլեր ձեռնարկել նման միջադեպերի բացառման համար։
«Արցախպրեսի» հետ եթերում ԿԽՄԿ մամուլի ծառայության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը նշել էր, որ ԿԽՄԿ պարբերաբար բոլոր կողմերին հիշեցնում է նրանց պարտականությունները՝ հարգել քաղաքացիական բնակչությանը, մասնավորապես նման կարեւորագույն գործունեության ժամանակ, ինչպիսին բերքահավաքն է։
«ԿԽՄԿ–ն ուշադիր հետեւում է քաղաքացիական բնակչության ընթացիկ գործունեության զարգացմանը՝ շփվելով անմիջականորեն գյուղացիների հետ եւ այցելելով շփման գծին մոտ գտնվող բնակավայրերը, ստացված տվյալների հիման վրա շարունակում է իր հումանիտար երկխոսությունը կողմերի հետ երկկողմ եւ գաղտնիության հիմունքներով։ ԿԽՄԿ–ն չի բացահայտում գաղտնի երկխոսության մանրամասները, քանի որ դա թույլ է տալիս շարունակել մեր համագործակցությունը հակամարտության կողմերի հետ հումանիտար հարցերով։ ԿԽՄԿ–ն օգտվում է այդ հնարավորությունից, որպեսզի բոլոր կողմերին հիշեցնի, որ բոլոր ժամանակներում պետք է հստակ տարբերակումներ դրվեն զինվորականների եւ քաղաքացիական բնակչության միջեւ։
Քաղաքացիական անձանց դեմ հարձակումներն արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով։ Այսպիսով՝ բոլոր ժամանակներում քաղաքացիական անձինք պետք է օգտվեն հարգանքից ու պաշտպանությունից եւ չպետք է հարձակման ենթարկվեն, եթե նրանք քաղաքացիական բնույթի աշխատանքներ են իրականացնում»։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին` ժամը 14:10-ի սահմանում, Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց:





























