Նվազ նշանակության ճանապարհային իրավախախտումների դրույթը բացի դրական կողմերից, ունի նաեւ բացասական կողմ: Այս մասին այսօր` հուլիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը. «Կա մի բացասական էլեմենտ, քանի որ կա այս դրույթը եւ վարորդներն օգտվում են դրանից, խախտումները չեն վերացնում եւ այնպես է լինում, որ մինչեւ տասնմեկ արձանագրություն է կազմվում, կամ, եթե 24 ժամվա ընթացքում վերացվում է այդ խախտումը, հետո նորից կատարում է»,-ասաց նա:
Արման Չիլինգարյանը նշեց, որ նվազ նշանակության իրավախախտումների դրույթը կիրառվում է, եթե վարորդը ճանապարհային երթեւեկության կոպիտ խախտումներ չի կատարել. «Օրինակ, եթե թաղանթապատված ապակիներով տրանսպորտային միջոց են վարում ու վերացնում են այդ խախտումը, ապա վարչական պատասխանատվության չեն ենթարկվում: Նվազ նշանակության իրավախախտում է համարվում նաեւ տրանսպորտի կանգառում կայանելը, բայց կարելի է ասել, որ այս դրույթով հիմնականում խախտումներ չունենք այժմ: Որոշակի գծանշումների խախտման դեպքում եւս պատասխանատվության չի ենթարկվում: Նախազգուշացման դրույթ է կիրառվում նաեւ խաչմերուկին մոտենալու ժամանակ երթեւեկության գոտիները բաժանող գծանշման հատման դեպքում: Եթե մեքենայի առջեւի զույգ անիվներն ամբողջությամբ չեն հատում հոծ գիծը, ապա նախազգուշացում է կիրառվում»,-ասաց նա:
«ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ նշեց, որ Ճանապարհային ոստիկանությունը նվազ նշանակության իրավախախտումների դրույթի կիրառումից առաջ պետք է նախապատրաստական աշխատանքներ կատարեր, որպեսզի վարորդներն այն հնարավորինս ճիշտ հասկանային. «Մարդիկ մտածում են, որ ահա այս գիծը հատել են, կլինի նախազգուշացում: Չեն հասկանում, որ նախազգուշացում կլինի, եթե առջեւի անիվներով շատ փոքր հատել են հոծ գիծը, ոչ թե չորս անիվով անցել են վրայից: Կարծում եմ, որ այս դրույթը վերանայման կարիք ունի: Կամ գրված է՝ եթե վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ իրավիճակ չի ստեղծվում կայանելու ժամանակ, նախազգուշացում է կիրառվում, բայց չի բացատրվում` ակնհայտ վթարային իրավիճակ ասելով ինչ նկատի ունեն»,-ասաց նա:




























