Չեչնիայի ղեկավարի ժ.պ. Ռամզան Քադիրովը Անկարային կոչ է արել Ռուսաստանին հանձնել չեչեն ահաբեկիչներին, որոնք թաքնվում են Թուրքիայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Եթե Թուրքիայի իշխանություններին ահաբեկիչների մասին տեղեկություններ են պետք, հերթական անգամ ասում եմ՝ Թարհան Ղազիեւ, Ահմադ Ումարով, Ահմադ Փաթաեւ, Շիրվանի Բասաեւ, Մահրան Սաիդով, Ռիզվա եւ Ուսման Յասկուբովներ, Ասլանբեկ Վադալով, Մովսար Չաթաեւ, Հադի Ալասխանով, Ռուստամ Նաուրբաեւ, եւ Մովլադի Ուդուգով։ Նրանք իրենց ազատ են զգում «թուրքական ափերին»,– գրել է Քադիրովը Instagram–ի իր էջում։
Նրա խոսքով՝ ինքն արդեն Անկարային զգուշացրել է Չեչնիայի վերոնշյալ բնակիչների ներկայացրած վտանգի մասին, սակայն ի պատասխան՝ ստացել է միայն նրանց հանձնելու խոստումներ։
Քադիրովը նաեւ հայտարարել է, որ չեչեն ժողովուրդը հարյուր հազարավոր զոհերի գնով արմատախիլ է արել ահաբեկչությունը, բայց խնդիրը դեռ չի լուծվել, քանի դեռ արտասահմանում են գտնվում Չեչնիայից փախած հատկապես վտանգավոր հանցագործներ։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունից զոհվել էր 44 մարդ, վիրավորվել՝ 239-ը։ Ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվում է Չեչնիայի բնակիչ Ահմեդ Չաթաեւը, որը նախկինում համագործակցում էր «Իմարաթ Կովկաս» հանցավոր խմբավորման առաջնորդ Դոքու Ումարովի հետ։