Գործարանային արտադրության որեւէ մեքենա, որի ապակիների լուսաթափանցելիությունը չի համապատասխանում ստանդարտներին, չի կարող հայտնվել միջազգային շուկայում; Այս մասին այսօր` հուլիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը. «Գործարանային արտադրության ավտոմեքենաների ապակիները համապատասխանում են լուսաթափանցելիությանը, հակառակ դեպքում շուկայում չեն կարող հայտնվել: Այլ բան է, որ կան «տյունինգ» անող կազմակերպություններ, որոնք անում են այն, ինչ որ դուք ցանկանում եք, բայց դա չի նշանակում, որ այդ տրանսպորտային միջոցը թույլատրելի է վարել այնպես, ինչ ձեւով որ դուք եք ցանկանում»,-ասաց նա:
Արման Չիլինգարյանը նշեց, որ մեքենայի առջեւի հողմապակին պետք է ունենա 75 տոկոս լուսաթափանցելիություն, իսկ առջեւի դռների ապակիները եւ հետեւի դռների մնացած ապակիները պետք է ունենան 70 տոկոս լուսաթափանցելիություն. «Եթե տրանսպորտային միջոցն ունի երկու կողային հայելիներ, այդ դեպքում թույլատրվում է վարորդի նստատեղից հետ գտնվող հատվածն անսահմանaփակ մգեցնել»:
Արման Չիլինգարյանի խոսքով` մգեցված ապակիներով երթեւեկող վարորդին ճանապարահային ոստիկանությունը նախազգուշացնում է. եթե տեղում վերացվի այդ խախտումը, ապա վարչական պատասխանատվության չի ենթարկվի. «Կամ նախազգուշացնում են, որ եթե 24 ժամվա ընթացքում իրավախախտումը վերացվի, ապա այդ դեպքում կազատվի արդեն դրված տուգանքը վճարելու պատասխանատվությունից: Այսինքն, մգեցված ապակիների թաղանթի պատռումը տեղի է ունենում վարորդի համաձայնությամբ, դա ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն իրենց ուզելով չեն պատռում»:





























