Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաեւի դատապաշտպանները մտադիր են լսումների ժամանակ ներկայացնել ապացույցներ, որ իրենց պաշտպանյալը միշտ՝ այդ թվում «Սեվեր» գումարտակի կազմում մարտերի ժամանակ զենքն օգտագործել է աջ ձեռքում բռնելով, գրում է «Ռոսբալտը»:
Օգոստոսի սկզբին հայտնել են, որ Նեմցովի սպանության գործով բալիստիկ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նրան կրակողը ձախլիկ է եղել:
Մինչդեռ, ինչպես հայտնել է աղբյուրը, չնայած Դադաեւը իրականում ձախլիկ է, դատարանում ներկայացվել են ականատեսների ցուցմունքներ, լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք կարող են վկայել, որ Դադաեւը զենքը միշտ օգտագործել է բացառապես աջ ձեռքով:
Դադաեւի ազգականները ու ծանոթները մտադիր են ցուցմունք տալ, որ մանկուց նա միշտ աջ ձեռքն է հիմնականում գործածել:
«Նույնիսկ քննչական գործողությունների ժամանակ Զաուրը բոլոր փաստաթղթերը ստորագրում էր աջ ձեռքով: Ստացվում է, որ ամբողջ կյանքւոմ նա աջ ձեռքն է օգտագործել, մարտերի ժամանակ աջով է կրակել, իսկ Նեմցովին սպանելիս հանկարծ որոշել է ձախ ձեռքը օգտագործել»,- ասել է աղբյուրը:
Փորձաքննությունների տվյալներով, վառոդը հայտնաբերվել է Դադաեւի եւ աջ, եւ ձախ ձեռքերի վրա:
Ենթադրվում է, որ մարդասպանը վեց անգամ կրակել է Նեմցովի վրա, փամփուշտներից հինգը դիպել են նրան:
Ի սկզբանե մարդասպանը երեք անգամ է կրակել, երեքն էլ դիպուկ: Սակայն Նեմցովը փորձել է վեր կենալ: Այդ ժամանակ հանցագործը եւս երեք անգամ կրակել է, որոնցից երկուսը դարձյալ հասել են նշանակետին:




























