Արթիկում հունիսի 24-ի հորդառատ անձրեւներից հետո սելավատարերում կուտակումները չմաքրված հունի պատճառով չեն առաջացել ու հեղեղել քաղաքի տները։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը։

«Ես ունեմ համապատասխան փաստեր, եվ տեսագրված է, եւ նկարահանված, որ հեղեղատարերի հունը մաքուր է եղել։ Սելավի պատճառն այն է, որ տասնյակ տարիներ շահագործված քարհանքերի թափոնները՝ հարյուր հազարավոր խորանարդ մետրեր, լցվել են ձորակ, աննախադեպ տեղումների քանակը լվացել է ձորակների լանջերից այդ թափոնները եւ բերել քաղաք։  Սելավատարերի ծավալը չկարողացավ տանել այդ քանակի ջուրն ու թափոնը»,- ասաց քաղաքապետը։

Արսեն Աբրահամյանի խոսքով՝ թափոններն անօրինական կերպով ձորակն են  լցվել հանքերի հայտնաբերումից՝ 1930 թվականից ի վեր, իսկ վերջին 20 տարիներին ձորակին հարակից ոչ մի քարհանք չի շահագործվել։

«Արթիկի վարչական տարածքն ալպիական մարգագետին է, ունի սեւ հող։ Այդ հողը տեղաշարժելուց հետո, երբ հասնում էին բուն հանքին՝ տուֆի շերտին, այն հանելուց հետո թափոնը պետք է վերադարձվեր տեղը, ծածկվեր բնահողով, բայց տասնյակ տարիներ այս տեխնոլոգիան չի պահպանվել»,- ասաց քաղաքապետը։

Քաղաքապետի խոսքով՝ հնարավոր չէր կանխատեսել, որ թափոններն այդչափ վնաս կարող էին հասցնել քաղաքին։ Փոխարենը, իրենք մտահոգված են եղել  սելավատարի հիմքերով, որոնք վնասված են եղել եւ վերականգնման կարիք են ունեցել։ Արսեն Աբրահամյանը նշեց, որ այդ հարցով իրենք դիմել են կառավարությանը, վերականգնողական աշխատանքների ծրագիրը հաստատվել է, սակայն չի իրականացվել գումարի բացակայության պատճառով։

«Մասնագետները եկել են, գնահատել են, մոտ 350 միլիոն դրամի մասին է խոսքը, որ ամբողջ ծավալի աշխատանքներն իրականացվեն։ Երեք տարի է՝  նախագիծը կազմված է, բայց գումարների սղության պատճառով չեն արվել»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, որ հնարավոր է՝ հեղեղումից հետո ավելի շատ գումար անհրաժեշտ լինի։

Թափոնները ձորակից հեռացնելը, Արսեն Աբրահամյանի խոսքով՝ հնարավոր է, սակայն թե ինչ եղանակով՝ ինքը չի պատկերացնում, պետք է մասնագետներն աշխատեն այդ ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել էր Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ էին առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել էին Արթիկի փողոցները:

Ջրալցվել էր նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս էին բերել 70 երեխայի եւ 27 աշխատակցի,  որոնց տեղափոխել էին անվտանգ տարածք, իսկ ջրալցված 13 շենք շինություններից՝ 60 բնակչի, որոնք տեղափոխվել էին հարազատների բնակարաններ:

Կառավարությունը որոշում է կայացրել տուժած քաղաքացիների փոխհատուցում տրամադրելու մասին: Արթիկցիները դժգոհ են փոխհատուցման չափից: