Մենք ունենք շատ լավ, ժողովրդավարական սահմանադրություն, բայց ունենք երջանիկ հարուստներ ու դժբախտ աղքատներ։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր՝ հուլիսի 5-ին՝ սահմանադրության օրը, նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

«Սահմանադրության երրորդ հոդվածն ասում է, որ մարդ բարձրագույն արժեք է համարվում, բայց սոցիալական անմխիթար վիճակում գտնվող հասարակության համար այս հոդվածը մշտապես ոտնահարվում է։

Եթե մարդ բարձրագույն արժեք է համարվում, ապա նա արժանավայել պետք է ապրի պետության մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ եթե հասարակությունը բարեկեցիկ չէ, դրանից է բխում մնացած իրավունքների իրականացումը։

Սահմանադրագետի խոսքով՝ լավ կլիներ, որ մեր Սահմանադրությունն  էլ շվեյցարական Սահմանադրության պես մի կետ ունենար, որում ասվում է, որ  եթե ազգը ուզում է լինել հզոր, առաջին հերթին պետք է ապահովի թույլերի բարեկեցությունը։

«Օրինակ՝ մարդն ունի բարձրագույն կրթության իրավունք, բայց չունի ուսման վարձի գումարը, այդ իրավունքը ոչ մատչելի է դառնում։ Առաջին հայացքից՝ ոչ Սահմանադրությունն է մեղավոր, ոչ էլ պետությունը։ Բայց եթե Սահմանադրությունը դներ այս խնդիրը գաղափարական առումով, այս հիմքի վրա տնտեսական համակարգն էլ այլ կլիներ, սրանից բխող երեւույթներն էլ»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ եթե հարստության կուտակման  մշտադիտարկման կառուցակարգեր չկան Սահմանադրությամբ, ապա այդ տնտեսությունը չի կարող ծառայել հասարակությանը։

Սահմանադրագետի խոսքով՝ մեր ունեցած Սահմանադրությունը նախորդներից որակական առումներով բարձր է, սակայն դրա՝ կյանքի կոչելու համար իրավամտածողության պետական մակարդակ է անհրաժեշտ։ 

«Պետական այրերը բոլորը սահմանադրության եւ արժեքների վերաբերյալ պետք է ունենան օբյեկտիվ ընկալումներ, ոչ թե սուբյեկտիվ, որ յուրաքանչյուր պաշտոնյա այն մեկնաբանի այնպես, ինչպես ինքն է ուզում։ Այս վարքագծով դժվար թե ունենանք դրական անդրադարձ, քանի որ այս քաղաքական  անցուդարձը կրկես է հիշեցնում, խաթարում է հասարակության իրավամտածողությունը»,- ասաց նա։

Ըստ Վարդան Այվազյանի՝ պետք է ունենանք քաղաքացիական հասարակություն, որն էլ կկարողանա յուրացնել սահմանադրական արժեքները, հակառակ պարագայում լինելու է ընտրակաշառքների ինստիտուտը, Խորհրդարանում լինելու են ոչ գրագետ պատգամավորներ։