Հայաստանում հասարակությունը և իշխանությունները չեն ընկալում, որ չկա պետական իշխանություն , կա հանրային իշխանությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը:

Նրա խոսքով, նախորդ տարի դեկտեմբերին Սահմանադրությունը փոխելու հիմնական նպատակներից մեկն այն էր, որ չլինի պետության իշխանություն. «Պետական մարմինները վարձված են, որ հանրային իշխանություն իրականացնեն: Հանրային իշխանության ընկալումը չկա հասարակության մեջ: Դրա վառ օրինակն «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ ոստիկանապետի ելույթն էր, որով նա պատերնալիստական, բարոյախրատական ոճով խորհուրդ տվեց այն քաղաքացիներին, ովքեր դուրս էին եկել իրենց իշխանությունը պաշտպանելու»:

Նրա խոսքով, պետական մարմիններին իրենց գործողություններում, վարչական մարմիններն իրենց որոշումներում միշտ պետք է աչքի առաջ ունենան, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ մենք հաճախ ունենում ենք նախագծեր, ընդունվում են օրենքներ, որոնք ծառայում են հասարակության որոշակի խմբերի շահերին: Արա Ղազարյանը նշել է, որ Սահմանադրություն-հասարակություն կապը խզված է: