Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու ոսկյա շղթան հափշտակած անձի ինքնությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ազատամարտիկների եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում առերեւույթ հանցագործություն կատարած անձը, վստահությունը չարաշահելու եղանակով` վերադարձնելու պայմանով, վերցրել է քաղաքացու ոսկյա շղթան, սակայն վերադարձնելու խոստումը չի կատարել եւ հափշտակել է այն՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են նշված տարածքում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երեւում է այն տղամարդը, ով, ըստ տուժողի, վերցրել է ոսկյա զարդը։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում երեւացող անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: