«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն այսօր՝ հուլիսի 6-ին, չի կարողացել տեսակցել Գեւորգին: NEWS.am-ի հետ զրույցում Տիգրան Հայրապետյանը նշեց, որ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ , սակայն, տեղեկացել է, որ նրան տարել են դատական նիստի:
«Ամանորի գիշերը, երբ Գեւորգ Սաֆարյանին եւ եւս 5 հոգու ծեծի են ենթարկել եւ մարմնական վնասվածքներ պատճառել եւ տեսանյութով էլ երեւում է, որ ոստիկանների գործողություններն անհամաչափ են, սակայն, նրանց գործողություններում խախտում չէր հայտնաբերվել եւ այս գործը բողոքարկել էինք: Այդ բողոքներից մեկը Գեւորգն էր ստորագրել, մեկը ես, բայց ինձ չեն ծանուցել այդ մասին, այսինքն այստեղ իրական դավադրություն կա, որն էլ միանշանակ ապացուցում է, որ Գեւորգի նկատմամաբ բռնություն է գործադրվել եւ ակնհայտ դավադրություն է իրականացվում՝ ինձ այդ մասին չծանուցելով»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատարանում բողոքարկվելու է դատախազի՝ գործը կարճելու որոշումը:
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախում էր տեղի ունեցել, Գեւորգ Սաֆարյանն ու 5 ակտիվիստ մարմնական վնասվածք էին ստացել: Դատաբժշկական եզրակացությամբ նաեւ ապացուցվել էր, որ ակտիվիստները վնասվածքները ստացել էին Ամանորի գիշերը, սակայն Հատուկ քննչական ծառայությունը ոստիկանների գործողություններում հանցակազմ չէր տեսել:




























