Հայաստանում ռազմավարական մոտեցում չկա որեւէ խնդրի նկատմամբ՝ սկսած տնտեսական քաղաքականությունից, վերջացրած առօրյա հիմնախնդիրներով, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունը, որը պետք է անխափան աշխատի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով Վերին Լարսի անցակետի փակմանը:
Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում խնդրի լուծումը, երբ ամեն անգամ Վերին Լարսի ճանապարհը փակվում է եւ Հայաստանը կանգնում է փաստի առջեւ, նա պատասխանեց. «Տարիներ առաջ քննարկվում էր լաստանավային մշտական փոխադրումների հարցը, որը պետք է իրականացվեր հենց Փոթի նավահանգստով կամ Նովոռոսիյսկով: Այդ ժամանակ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն էր եւ այդ քննարկման ժամանակ առաջարկություն արվեց գործարար շրջանակներին, փոխադրումն իրականացնող կազմակերպություններին մասնակցություն ունենալ, եղան հետաքրքիր առաջարկներ: Ցավոք սրտի, քննարկումներն այդպես էլ մնացին որպես քննարկում, այդ ժամանակ Լարսի խնդիրը լուծվեց ու մոռացան, հիմա էլ երկու շաբաթ անց կբացվի ճանապարհը ու նորից կմոռանանք»:
Նրա խոսքով, Լարսի հետ կապված խնդիրը միշտ էլ լինելու է, որովհետեւ այն իր բնակլիմայական պայմաների պատճառով միշտ էլ վտանգավոր է՝ ձմռանը փակվում է ձյան պատճառով, հետո էլ՝ ձնհալի պատճառով: «Քանի որ խնդրին վերջնական լուծում չեն տալիս, մենք անընդհատ այսպիսի անելանելի վիճակներում ենք հայտնվելու: Սա խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը հեռանկարի առումով պատրաստ չէ դիմակայելու այսպիսի արտակարգ իրավիճակների: Այսինքն, երբ մենք խոսում ենք գյուղատնտեսության զարգացման մասին, նաեւ արտահանման մասին, չի նշանակում, որ մեր ցանկությամբ երբ ուզենք կարտահանենք, երբ ուզենք՝ չենք արտահանի, կամ մեր սպառողներին ասենք բացատրենք, որ գիտեք ինչ կա, մենք մեղավոր չենք, որ ծիրանը կամ պամիդորը ժամանակին չհասան, որովհետեւ եղանակային պայմանները վատն են: Ցավոք, այս շրջափակման պայմաններում մենք չենք կարողանում տնտեսության անընդհատություն ապահովել, իսկ քանի որ Լարսի այլընտրանք չունենք, անընդհատ այս խնդրի առջեւ ենք կանգնելու»,-ասաց Խաչատրյանը:
Հարցին՝ կա՞ն տվյալներ, թե որքան վնաս ենք կրում Լարսի փակման հետեւանքով, տնտեսագետը պատասխանեց, որ մոտավոր հաշվարկներով, մի մեքենայի տեղափոխման հետ կապված մոտ 1000 դոլարի վնաս է լինում. «Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Լարսով մեքենաներով տեղափոխելն անընդհատ պրոցես է եւ շատ ավելի հարմար է, իսկ լաստանավով տեղափոխումը նաեւ ժամանակի առումով է կորուստ: Եթե այդ կորուստներն էլ հաշվենք, միայն 1000 դոլարով չենք սահմանափակվի»:
Ինչ վերաբերում է նրան, որ ամեն անգամ երբ փակվում է Վերին Լարսը, իշխանությունները խոսում են Աբխազական ճանապարհը բացելու մասին, Վահագն Խաչատրյանը դա բլեֆ համարեց նշելով. «Երբեք էլ այդ ճանապարհի բացումն իրատեսական չի եղել, որովհետեւ դա քաղաքական նպատակ է հետապնդում եւ այստեղ կարեւոր հանգամանք է, թե ինչքանով է Վրաստանը շահագրգռված աբխազական երկթագծի աշխատումով: Տնտեսական առումով սա իրենց ձեռնտու չէ, հակառակը՝ իրենց Լարսի ճանապարհով աշխատելն է ձեռնտու: Անգամ եթե Վերին Լարսը փակվի, նրանք իրենց ապրանքը կարող են Ռուսաստան հասցնել իրենց նավահանգիստներով:
Այսինքն, երբ խոսվում է աբխազական երկաթգծի մասին, դրանք տնտեսապես չհիմնավորված խոսքեր են: Այս քայլով փորձում են մեղքն ուրիշի վրա գցել եւ այն մարդիկ, որոնք այսօրվա ստեղծված իրավիճակից տուժում են, գոնե նրանց ուշադրությունը շեղեն այդ խոսակցություններով»:
Նա հավելեց, որ նույն մոտեցումն է նաեւ Հայաստան-Իրան երկաթգծի հետ կապված, որը նույնպես մոտ ապագայում անիրականանալի ծրագիր է, բայց երբ Հայաստանի տնտեսության զարգացման մասին խոսք է լինում, չգիտես ինչու սկսում են հիշել: «Ես համոզված եմ, որ այն մարդիկ, որոնք խոսում են, իրենք էլ գիտեն, որ այդ խոսակցությունները լուրջ չեն»,-ընդգծեց Խաչատրյանը:




























