Արդեն երկրորդ տարին է՝ Երեւանում նշում են տանաբատան՝ բոլոր սիրահարների ճապոնական տոնը: Նախաձեռնությունը «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթական մշակութային կենտրոնինն է:
Բոլոր սիրահարների տոնը նշվում է հուլիսի 7-ին: Տոնի առիթով թղթի նեղ շերտերի վրա մաղթանք են գրում եւ կապում եղեգի ճյուղերին: Այնուհետեւ ցանկությունը «փոխանցում են» հոսող ջրին:
Երեկոյան «Հիկարի» կենտրոնում հավաքվել էին ճապոնական մշակույթի երկրպագուներ, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: Տոնի ներկայացումից հետո միջոցառման մասնակիցները կենտրոնի սաների կատարմամբ երգ ունկնդրեցին եւ դիտեցին «Դեպի անտառ, որտեղ լուսատտիկներն են կայծկլտում» անիմացիոն ֆիլմը:
Տանաբատա տոնն առասպելական ակունքներ ունի: Լեգենդի համաձայն, երկնային արքայի դուստրը՝ Օրիհիմեն (Վեգա աստղը Լիրա համաստեղությունում), հոր հետ երկնային դիպակ էր հյուսում՝ ամպեր: Մի օր նա բարձրացնում է գլուխն ու հիասքանչ պատանու տեսնում՝ Կենգյուին կամ Հիկոբոսիին (Ալտիան աստղն Արծվի համաստեղծությունում), որը կովերի էր արածեցնում: Սիրահարվելով պատանուն՝ աղջիկը թողնում է գործը՝ զայրացնելով հորը:
Արքան հրամայում է բաժանել սիրահարներին եւ դատապարտում հավերժ կանգնել հսկայական գետի՝ Ծիր Կաթինի երկու կողմերում: Նրանց թույլատրվում է հանդիպել տարեկան միայն մեկ անգամ՝ հուլիսի 7-ին (այդ օրն աստղերն առավելագույնս մոտենում են միմյանց): Առաջին անգամ, երբ սիրահարները փորձում են հանդիպել, հասկանում են, որ չեն կարող անցնել գետը, որի վրա կամուրջ չկար: Օրիհիմեն այնպես է արտասվում, որ կաչաղակները հավաքվում եւ խոստանում են կամուրջ կառուցել՝ տարածելով եւ միացնելով իրենց թեւերը: Բայց եթե տոնին անձրեւ է գալիս, սիրահարները ստիպված են լինում եւս մեկ տարի սպասել՝ նոր հանդիպման ակնկալիքով:
































