Kinder շոկոլադի արտադրող Ferrero կազմակերպությունը փորձում է գտնել տեխնիկական լուծումներ, որպեսզի նվազագույնի հասցնի արտադրության ժամանակ վնասակար նյութերի հայտնվելը արտադրանքում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են կազմակերպությունից:
Հրուշակեղենի հոլդինգը նշում է, որ խնդրի լուծման ուղիներ են որոնում մատակարարման շղթայի իրենց գործընկերների հետ միասին:
«Սննդամթերքի մեջ հանքային անուշաբույր յուղերի պարունակությունը նոր հարց չէ և վերաբերում է ամենատարբեր դասի սննդամթերքների»,- հայտնել են Ferrero-ի մամլո ծառայությունից: Այնտեղ նաև ընդգծել են, որ հանքային յուղերի հետքեր «հանդիպում են մեզ շրջապատող միջավայրում ամենուր»: Ամենատարածվածը փաթեթավորման վրայի թանաքն է:
«Քանի որ վերոնշյալ խնդիրը վերաբերում է մի շարք ոլորտների, ինչպես նաև բուն խնդրի բարդությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ են մատակարարումների արդյունաբերական ամբողջ շղթայի բոլոր մասնակիցների համատեղ ջանքերը»,- նշել են հոլդինգում:
Անկախ փորձագետները ահազանգում են
Օրերս սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գերմանական Foodwatch անկախ կազմակերպության փորձագետները հրապարակել էին Ferrero ապրանքների թեստավորման արդյունքները: Շոկոլադ արտադրող կազմակերպության ապրանքներում հայտնաբերվել են այսպես կոչված հանքային բուրավետ յուղեր, որոնք առաջանում են նավթամշակման ժամանակ: Այսպիսի յուղերի պարունակության վտանգավոր քանակ է հայտնաբերվել արտադրության թեստավորվող 20 տեսակից երեքի մեջ՝ չիպսերից սկսած մինչև շոկոլադե սալիկները: Ամենայն հավանականությամբ դրանք ապրանքի մեջ են հայտնվում փաթեթավորումից:
Foodwatch կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Հիգը խորհուրդ է տվել չօգտագործել այնպիսի շոկոլադ, որոնց մեջ հանքային յուղերի քանակը գերազանցում է նորման: Միաժամանակ հրուշակագործների գերմանական ասոցիացիան (BDSI) հայտարարել է, որ Foodwatch-ի կողմից հայտնաբերած յուղերի բաղադրությունը չպետք է անհանգստացնի սպառողներին:
Ռուս մասնագետների գնահատականով հանքային յուղը քիմարդյունաբերության արտադրանք է, որն առաջանում է նավթից: Այն օգտագործում են ապրանքը հեշտ փաթեթավորելու համար: Այդ յուղերը հավաքվում են մարդու օրգանիզմում և համապատասխանաբար առաջացնում են ալերգիկ ռեակցիաները: Տեխնիկական յուղերը հենց իրենց բնույթով կարող են շատ վտանգավոր լինել, այնտեղ ավելացվող նստվածքները կարող են երեխաների մոտ նաև առաջացնել աղեստամոքսային տրակտի, թոքի սուր թունավոր բորբոքումներ, անգամ վնաս հասցնել նյարդային համակարգին:
Հայաստանում խնդրին վերաբերում էին «ավանդական» դանդաղկոտությամբ
Մինչ Գերմանիայում պատրաստվում են վաճառքից հանել մանկական հայտնի «Կինդեր» շոկոլադը, Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել է, որ մտադիր է հետևել «Կինդեր» շոկոլադում քաղցկեղածին նյութերի վերաբերյալ տեղական և միջազգային մամուլում հայտնված տեղեկատվությանը: Հայաստանի սննդամթերքի անվտանգության հարցերով պետծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում ծառայությունը կդիմի համապատասխան քայլերի:
«Տեղեկություն տարածվեց այն մասին, որ գերմանական Foodwatch սպառողների իրավունքների պաշտպանության մասնագետները Kinder շոկոլադում քաղցկեղածին նյութեր են հայտնաբերել: Չնայած այն հանգամանքին, որ շոկոլադե սալիկներում հնարավոր քաղցկեղածին նյութերի մասին հաղորդագրություն չկա Սննդամթերքի եւ կերերի արագ արձագանքման միջազգային համակարգում՝ RASSF-ում, ինչպես նաեւ փաստը առայժմ չի հաստատվել որեւիցե երկրի լիազոր մարմնի կողմից, այդուհանդերձ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հետեւելու է հետագա զարգացումներին եւ անհրաժեշտության դեպքում կիրականացնի համապատասխան գործողություններ՝ իրազեկելով այդ մասին հանրության»,-ասել է նա:
Սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը խոստացել է արդեն այսօրվանից Երևանյան խանութներում Ferrero ապրանքների հետաքննություն անցկացնել, որի արդյունքում պարզ կդառնա թե հանքային յուղերի առկայության տեղեկատվությունը ինչքանով է համապատասխանում իրականությանը:
Հայաստանի առողջապահության նախարարությունում խուսափեցին խնդրի շուրջ մեկնաբանությունից՝ նշելով, որ դրանով զբաղվում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Մանկական թունաբանը հայտարարեց, որ իրենք զբաղվում են սուր թունավորումներով, իսկ սննդամթերքի բաղադրությունն իրենց հարցը չէ: Գաստրոէնտերոլոգը նույնպես դժվարացավ որեւէ կարծիք հայտնել հանքայուղերի վնասի առիթով: Նույնպիսի պատասխան ստացվեց սննդի հիգիենայի հարցերով մասնագետից:
Հիշեցնենք, որ Ferrero իտալական խումբը արտադրում է շոկոլադներ և այլ տեսակի հրուշակեղեն: Մասնավորապես այնպիսի ապրանքանիշների տեր է, ինչպիսիք են Raffaello, Kinder Surprise, Kinder Chocolate, Tic Tac և Nutella: Հոլդինգինին են պատկանում աշխարհով մեկ սփռված տասնյակ ապրանքային կազմակերպություններ և գործարաններ:
Նշենք, որ Հայաստանում առկա են բոլոր վերոնշյալ ապրանքանշանների արտադրություններ:





























