Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը եւ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հանդես են եկել ԼՂՀ կարգավորման նպատակով ազատագրված տարածքները վերադարձնելու դեմ նախաձեռնությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հրանուշ Խառատյանը։ Նրանք տարածել են հայտարարություն, որով ՀՀ և Արցախի քաղաքացիների անունից ՀՀ իշխանություններին առաջարկում են հետեւյալը․
«1. Հրաժարվել տարբեր մակարդակների և ձևաչափերի բանակցություններում, քննարկումներում, թեկուզ վերապահումով, համաձայնություններ արտահայտել Արցախի ժողովրդի անվտանգությունը կասկածի տակ դնող, Ադրբեջանի ազգայնամոլ քաղաքականությունից ազատվել ցանկացող Արցախի ժողովրդի պայքարի էությունն աղավաղող բանաձևերի շուրջ: Արցախի քաղաքացիների պատմական և ընթացիկ փորձը մեկ անգամ չէ, որ վավերացրել է Ադրբեջան պետության ամբողջ գոյության ընթացքում իրականացված այլատյաց պրակտիկան՝ թե դեմոկրատական, թե խորհրդային, թե ներկայիս հանրապետության ազգամիջյան թշնամություն հրահրող, իրենց հայրենիքներում ապրող ժողովուրդների հայրենազրկման, ժողովուրդների ձուլման, մշակույթների վերացման նպատակային քաղաքականությունը: Ադրբեջանի այլազգի բոլոր քաղաքացիները գիտեն, որ Ադրբեջանի ազգահալած քաղաքականության դեմ քաղաքացիական, էթնիկական և քաղաքական անհամաձայնության ցանկացած դրսևորում ամենագարշելի, հակամարդկային, հանցագործ ճնշումների է ենթարկվել և շարունակում է նույնը մնալ այսօրվա «ժողովրդավար» Ադրբեջանում: Ազգահալած քաղաքականությունն այս երկրում պարբերաբար վերաճել է ցեղասպան ագրեսիվ գործողությունների, ինչպես 1918-20ին` Շուշիի և առհասարակ Ելիզավետպոլի նահանգներում, Բաքու քաղաքում և Բաքվի նահանգում հայերի կոտորածները, 1988ին, 1990ին, 1992ին Սումգայիթի, Բաքվի, Շահումյանի շրջանի և այլ հայաբնակ ու հայկական բնիկ տարածքների հայերի ջարդերը, և Ադրբեջան պետության գոյության ամբողջ 98ամյա ընթացքում՝ 1918-2016ին, այդ երկրի բնիկ ժողովուրդների ուծացման ու մշակույթների ոչնչացման գործողությունները: Այս պրակտիկան վաղուց փաստարկված և երբեք ընդհատված չլինելով, Ադրբեջանը հենց հիմա էլ ակտիվորեն ազդում է Արցախի ժողովրդի ճակատագրի լուծմանը իր քաղաքականությանը բնորոշ ագրեսիվ և ռասիստական ձևերով, մասնավորապես ցուցադրելով հայերին սպասվող ռամիլսաֆարովյան հեռանկարը, որի կրկնվող դրսևորումներից էին նաև վերջին՝ ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության և գերի ընկած զինվորների սպանությունները, գլխատումները, մարմինների խոշտանգումները: Մենք կոչ ենք անում ավելի վճռական լինել Ադրբեջանի միմյանց հաջորդած բոլոր իշխանությունների կողմից հանցագործ ռեժիմ ժառանգելու գործընթացը շարունակելու, քաղաքակիրթ աշխարհին հակադրվելու և տվյալ դեպքում Արցախի ժողովրդի ապագան վտանգի տակ դնելու, սպառնալիքներ ստեղծելու շարունակվող վարքը միջազգային կառույցներին ներկայացնելու և բանակցություններում այդ ներկան ու հեռանկարը ակտիվորեն շրջանառության մեջ դնելու գործում;
2. Հրաժարվել Արցախի և Հայաստանի ժողովրդին վախեցնելու, Աթաթուրք-Լենին ծրագրին վայել հուսահատ «փրկության հանգրվաններ» ուղղորդելու պրակտիկայից: Վերջ ի վերջո անհրաժեշտ է բացահայտ ցույց տալ, որ Արցախի և Նախիջևանի տարածքների հաշվին ամրացված Ադրբեջանը շարունակում է հայերի ֆիզիկական և մշակութային ցեղասպանությունը Հարավային Կովկասի տարածքում;
3. Հրաժարվել Արցախի հիմնախնդրի այսպես կոչված «տարածքային լուծման» դրսից եկող ցանկացած փորձից: Արցախը և Հայաստանը պետք է Արցախի խնդրի կարգավորման իրե՛նց տեսլականը ներկայացնեն խնդրի կարգավորման շուրջ ստեղծված կառույցներին, ոչ թե սպասեն այլոց կողմից առաջարկվող նախագծերին և մասնակցեն դրանց քննարկումներին;
4. Հասնել Արցախի լիարժեք մասնակցությանը բանակցային գործընթացում, որտեղ քննարկվող հարցերը Արցախի ժողովրդի բացարձակ առանձնաշնորհն են, ի դեմս օրինականորեն ընտրված իշխանությունների՝ նրանց կողմից ինքնիշխանությանը վերաբերող որոշումների նկատմամբ ժողովրդի վստահության պահպանման պայմանով;
5. Հայաստանի և Արցախի տարածքների անվտանգությանը, Հայաստանի և Արցախի քաղաքացիների, հայ ժողովրդի ազատ զարգացմանը վերաբերող ցանկացած միջազգային որոշում ընդունել բացառապես հանրաքվեի միջոցով: Որևէ այլ տարբերակ Հայաստանի և Արցախի քաղաքացիների կողմից համարվելու է ոչ թե իշխանության իրացում, այլ իշխանության չարաշահում:
Մինսկի խմբի համանախագահներին, ներգրավված երկրների նախագահներին, ինչպես նաև կառավարություններին և խորհրդարաններին. ինչ հանդիպում կամ բանակցություն էլ սկսեք, նախևառաջ անհրաժեշտ է
1). Ադրբեջանին պատասխանատվության կանչել հայերի դեմ իրականացված բոլոր հանցագործությունների համար՝ սկսած 1988թ. հայերի ցեղասպանությունը Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և այլ հայաբնակ վայրերում; «Օղակ» գործողության ընթացքում ահաբեկչական գործողությունները; կես միլիոն հայերի բռնի տեղահանումը մի պետությունից, որի համահիմնադիր են հանդիսացել նաև նրանք՝ իրենց հայրենիքում ապրող երկրի բոլոր մահմեդական ժողովուրդների, այլ ոչ թե միայն կովկասյան թաթարների հետ միասին; պատերազմական հանցագործությունները 1992-1994թթ. ժամանակահատվածում; միջազգային իրավունքի, մասնավորապես միջազգային հումանիտար իրավունքի և փախստականների իրավունքների հիմնարար սկզբունքների և նորմերի մշտական խախտումները; մարդկության դեմ հանցագործությունները, հանցագործների և մարդասպանների հերոսացումը ինչպես 2012թ.՝ ՆԱՏՕ վարժանքին Գուրգեն Մարգարյանի, այնպես էլ 2016թ. հայ զինվորների գլխատման դեպքում;
2). Պարտադրել Ադրբեջանին խաղաղություն միջազգային պրակտիկայում ընդունված՝ զինադադարի և խաղաղ բնակչության անվտանգության պահպանման բոլոր ձևերի կիրառման միջոցով;
3). Վերանայել միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող, բոլշևիկյան-ստալինյան Ռուսաստանի դիրքորոշումների հետ ամբողջապես համընկնող, հակարդյունավետ մադրիդյան սկզբունքների հիման վրա այսպես կոչված ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հայեցակարգը;
4) Ճանաչել Արցախի Հանրապետության՝ ԼՂՀ ստեղծման միջազգային իրավունքի տեսանկյունից կոռեկտությունը և ԼՂՀ քաղաքական ինստիտուտների կայացման, ինչպես նաև ժողովրդավարական պետության զարգացման գործընթացների լեգալության և լեգիտիմության փաստը;
5) Իսլամական պետության նման ինքն իրեն քաղաքակրթության նորմերին հակադրող Ադրբեջանի անպատժելիությունը, միջազգային հանրության ինստիտուտների և մասնակից երկրների, այդ թվում Հայաստանի կողմից Ադրբեջանի հանցագործությունները լռության մատնելը, կարող է որակվել որպես ուղիղ կամ անուղղակի մասնակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանի, և ոչ միայն, անվտանգության դեմ ուղղված գործողություններին:
Համոզված ենք, որ պետական ինքնիշխանությունը պաշտպանելու գործում Հայաստանի և Արցախի իշխանությունների անկարողության դեպքում Հայաստանի և Արցախի քաղաքացիները պատրաստեն իրացնել իրենց պատմական հայրենիքում ապրելու և զարգանալու իրենց անսասան իրավունքը, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հետ միասին օգնելով նաև Ադրբեջանի ժողովրդին՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարների մարդատյաց քաղաքականության դեմ պայքարում։
Տարածաշրջանի բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն ապրելու զարգանալ իրենց պատմական բնակության վայրերում, բոլոր ժողովուրդներն իրավունքունեն և կարողեն ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել՝ ի բարօրություն իրենց երկրների և ամբողջաշխարհի։
Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը երախտապարտ է բոլորին, ովքեր ճանաչել են 1915թ. Ցեղասպանությունը։ Այնուամենայնիվ, ցեղասպանության ճանաչումը չի նշանակում միայն պատմականորեն տեղի ունեցած փաստի ճանաչում։ Ցեղասպանությունը լոկ գործողություն չէ, այն նախևառաջ քաղաքականություն է, որն անփոփոխ է Թուրքիայի կողմից օժանդակվող ժամանակակից Ադրբեջանի վայրագ ազգայնամոլների ձեռքում։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը չխրախուսել Ադրբեջանի հանցավոր ցեղասպանական քաղաքականությունը, քանի որ ցեղասպանության կանխարգելումը համայն մարդկության սուրբ պարտականությունն է»։




























