Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներին  այսօր` հուլիսի 7-ին, ներկայացվել է  Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի փոփոխված նախագիծը։

«Այսօր նոր նախագիծ բերեցին ներկայացրին մեզ, այդ նախագծում արդեն փոփոխությունը կատարված է, ինչպես պայմանավորվել էինք չափագրումների ժամանակ, այնպես էլ նախագիծը կազմվել էր: Մենք  պահանջել էինք, որ  լճի ներքեւի հատվածից  ջրառ չկատարվի,  այլ ավելցուկային կետից, այդպես էլ նախագիծը գծվել է: Մենք նաեւ կառավարությունից փաստաթուղթ ենք պահանջել, որպես ապացույց, որ այս փոփոխված նախագիծն է իրագործվելու, ոչ թե հինը: Հիմա արդեն խողովակաշարի ընդհանուր շինարարությունն սկսվել է, հետեւողական ենք լինելու, որպեսզի բոլոր աշխատանքները կատարվեն ձեռքբերված  պայմանավորվածությունների համաձայն: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր պահանջը մինչեւ վերջ կատարվի»,-  NEWS.am-ի հետ զրույցում ասաց գողթեցիներից Վահրամ Սեդրակյանը:

Նշենք, որ Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը հիմնովին փոփոխվել է. սկզբում նախատեսվում էր Գեղարդալճից ջուրը վերցնել այն հատվածից, որտեղից Գողթ համայնքի խողովակաշարն է միացված՝ իսկ այժմ նախատեսվում է լճի ավելցուկային հոսքի  կետից միացնել խողովակաշարը` լճից միայն ավելցուկային ջրերը դուրս բերելու համար:

Հիշեցնենք, որ գողթեցիները մի քանի անգամ փակել էին Երեւան-Գողթ ճանապարհը` պահանջելով հիմնովին փոփոխել Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը, կամ չիրականացնել այն: Գողթեցիների խոսքով` Գեղարդալճի տարողությունն ընդամենը 2.4 միլիոն խորանարդ մետր է եւ եթե այնտեղից այլ գյուղեր ջուր տեղափոխեն, գյուղացիների հողատարածքների ոռոգման համար ջուր չի մնա, համայնքը կչորանա:  Գողթեցիների ճնշման տակ, կառավարությունն  ի վերջո փոփոխեց  Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը: