ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ քննչական կոմիտեից:
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 32-ամյա Հովհաննես Մուրադյանը 2016թ. ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, իր հոր անվամբ հաշվառված ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին եւ ուսումնական նռնակ նետել առանձնատան պահակակետի ուղղությամբ:
Հ. Մուրադյանի բնակարանում խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է զգալի չափերի «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ապրիլի 20-ին Հ.Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է գրություն առ այն, որ Հովհաննես Մուրադյանը 19.09.2014 թվականից հաշվառված է իրենց կենտրոնում՝ «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ: Քննիչը նրա նկատմամբ նշանակել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնի փորձագետներին:
Եզրակացության համաձայն՝ Հ. Մուրադյանը ճանաչվել է անմեղսունակ, ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս նա չէր կարող ու չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը, ղեկավարել դրանք։ Ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ՝ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման՝ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում։
Քննիչը որոշում է կայացրել Հ. Մուրադյանը նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար քրեական գործն ուղարկել դատարան։





























