ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքում հունիսի 24-ին ժամկետային զինծառայող է վիրավորվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Զինծառայողի մայրը պատմել է, որ Արմինե Ղազարյանի հայտնած տեղեկությունների՝ Ա. Դալլաքյանը 2016թ.-ի հունիսի 24-ին գտնվել է մարտական հերթապահության մեջ (մարտական հերթապահությունը պետք է ավարտվեր հուլիսի 1-ին) եւ ժամը 19:00-ի սահմանում հանձնել է դիրքի հերթապահությունը: Մարտական հերթապահությունն ավարտելուց հետո դիրքի ավագ, հրամանատար Ավագ Նահապետյանը, ըստ զինծառայողի հարազատների հայտնած տեղեկության, զենքի հետ անզգույշ վարվելու կամ դիտավորյալ կրակոցի արձակման հետեւանքով վիրավորել է Ալբերտ Դալլաքյանին:

Ալբերտ Դալլաքյանը 2016թ. հունիսի 27-ին վիրահատվել է Ստեփանակերտի հոսպիտալում, ինչից հետո տեղափոխվել է Երեւանի կենտրոնական կլինիկական (Մուրացան) հոսպիտալ, այժմ նա գտնվում է հոսպիտալի վերակենդանացման բաժնում:

Ծնողները տեղյակ չեն՝ հարուցվել է քրեական գործ, թե ոչ, կան ձերբակալված կամ կալանավորված անձինք, թե ոչ:

Ալբերտ Դալլաքյանը 2015թ. հուլիսի 20-ին զորակոչվել է Վանաձոր քաղաքից եւ զինվորական ծառայության անցել Հադրութի զորամասում: