«Յարովայի օրենքը», քաղաքական հետեւանքներ ունենալուց բացի, կդառնա նաեւ ինտերնետի վրա դրված հարկ 33 մլրդ դոլար արժողությամբ, կարծում է ԱՆԲ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
«Պուտինը բռնաճնշող օրենք է ստորագրել, որը հակասում է ոչ միայն մարդու իրավունքներին, այլեւ առողջ բանականությանը: Սա Ռուսաստանի համար սեւ օր է», —Twitter-ում գրել է Ռուսաստանում ապաստան ստացած Էդվարդ Սնոուդենը:
Հունիսին ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության փախստական աշխատակիցը Ռուսաստանի նախագահին կոչ էր արել չստորագրել հակաահաբեկչական օրենքը: Վլադիմիր Պուտինն այսօր կառավարությանը եւ ՀԴԲ-ին հանձնարարել է օրենքի հետ կապված ֆինանսական ռիսկերի նվազեցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել: Բացի այդ, ՌԴ նախագահին զեկույց կներկայացնեն օրենքի կատարման համար ստեղծվելիք ծրագրային ապահովման եւ սարքավորման համար ծախսերի վերաբերյալ, հայտնում է «Խոսում է Մոսկվան»:




























