Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ հուլիսի 7–ին գնդապետ Գրիգորի Խաչատուրովը նշանակվել երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին է, որը 2010թ. մեծ աղմուկով հեռացվել էր 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, իսկ հեռացվելու պատճառն Արարատի զորամասում  բացահայտված  անօրինականություններն էին:

Այն ժամանակ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Խաչատուրովի որդու մտերիմ ընկերները զորամասում դրամաշորթությամբ են զբաղվել, ինչը հովանավորվել է Գրիգորի Խաչատուրովի կողմից: Սենսացիոն բացահայտումից հետո քրգործ հարուցվեց, եւ այդ գործում գլխավոր դերակատարում ունեցած «Ռոժ» մականունով հրամանատար Վարդան Մարտիրոսյանն ու խմբի մյուս անդամները մեղադրվեցին ֆինանսական մեքենայությունների, դրամաշորթության, զինվորներին ծեծելու եւ նվաստացնելու մեջ:

Բացահայտումից հետո ձերբակալվեցին Վ. Մարտիրոսյանը, գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը եւ այլք: Կարճ ժամանակ անց նրանք հայտնվեցին ազատության մեջ: Իսկ Գրիգորի Խաչատուրովը հրաժարականի ձեւակերպմամբ հեռացավ համակարգից:

Ավելի ուշ՝ 2012թ., Գրիգորի Խաչատուրովը նշանակվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։