Դոլարի նկատմամբ դիրքերը թուլացնելու տեմպերով ֆունտ սթեռլինգից առաջ է անցել արգենտինական պեսոն՝ համաշխարհային 31 արժույթների ցանկում գրավելով վերջին տեղը: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Բրիտանական արժույթն անկում է ապրում արդեն երրորդ շաբաթն անընդմեջ, Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու շուրջ հանրաքվեից հետո: Գործակալության փոխանցմամբ, տարեսկզբից բրիտանական արժույթը դոլարի հանդեպ թուլացել է ավելի քան 13%-ով:

«Ֆունտ սթեռլինգն անկում կապրի՝ ներդրումների եւ աճի հեռանկարների անորոշության պատճառով»,- հայտարարել է լոնդոնյան Societe Generale-ի տնտեսագետ Քիթ Ջաքսը: Հուլիսի 8-ին, Մոսկվայի ժամանակով 19:10-ի դրությամբ, բրիտանական արժույթի փոխարժեքը կազմել է 1.294 դոլար:

Ըստ Lenta-ի, հուլիսի 6-ին ռուսական Խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆը ոչ պրոֆեսիոնալ ներդրողներին խորհուրդ էր տվել եվրոյով եւ ֆունտով միջոցներ չներդնել՝ կապված Brexit-ի հետ:

Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեն անցկացվեց հունիսի 23-ին: Կառույցից դուրս գալու օգտին քվեարկեց բրիտանացիների 51.9%-ը:

Ապրիլի 15-ին Bloomberg-ը հաղորդել էր, որ Զամբիայի ազգային արժույթը՝ կվաչան, ընթացիկ տարում աճի տեմպերով առաջ է անցել աշխարհի մյուս բոլոր դրամական միավորներից: 2016 թվականի առաջին 3.5 ամիսների ընթացքում կվաչան դոլարի հանդեպ դիրքերն ամրապնդել է 19.9%-ով: