Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը տրանսպորտի, մշակույթի, արտաքին գործերի նախարարություններին եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների մեկ շաբաթ ժամանակ է տվել՝ դեպի Թուրքիա օդային չարթերային ուղեւորափոխադրումների վերականգնման հարցով համաձայնեցված առաջարկներ ներկայացնելու համար: Այս մասին հաղորդում է ՌԴ կառավարության կայքը:

Հաղորդագրության համաձայն, վարչապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել տրանսպորտային անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցների ձեռնարկմանը, նաեւ մատնանշել ահաբեկչության բարձր վտանգ ունեցող շրջանների չվերթների իրականացման անթույլատրելիությունը:

Վարչապետի հանձնարարականը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հունիսի 30-ի հրամանագրի շրջանակում է՝ կապված Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ: