Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը 12-ամյա կառավարումից հետո հեռացել է -պաշտոնից: Հրաժեշտի խոսքում 77-ամյա Ֆիշերն անդրադարձել է միգրանտների խնդրին: Այս մասին հաղորդում է DW-ն:

«Ավստրիայի միգրացիոն քաղաքականությունը պետք է ձեւավորվի ինչպես ռացիոնալության, այնպես էլ մարդասիրության հիման վրա: Երկուսից միայն մեկը բավարար չէ»,- ասել է Ավստրիայի նախագահը:

Հուլիսի 1-ին Ավստրիայի Սահմանադրական դատարանը չեղյալ էր ճանաչել մայիսի 22-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, որոնց ընթացքում «Կանաչների» կուսակցությանը մոտ կանգնած Ալեքսանդր Վան դեր Բելենը նվազագույն տարբերությամբ առաջ էր անցել Ավստրիական ազատության կուսակցության թեկնածու Նորբերտ Հոֆերից: Նոր ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին:

Ֆիշերի հեռանալուց հետո երկրի նախագահի՝ հիմնականում ներկայացուցչական գործառույթները կկատարի Ավստրիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի Ազգային խորհրդի երեք ներկայացուցչից կազմված ժամանակավոր մարմինը: Դրանում ընդգրկված են Կառլհայնց Կոպֆը, Դորիս Բուրեսը եւ Նորբերտ Հոֆերը՝ նախագահի պաշտոնի թեկնածուներից մեկը: Ավստրիայում նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով: