ԱՄՆ-ի իշխանությունները հունիսի 17-ին ռուսական երկու պաշտոնատար անձանց է արտաքսել՝ ի պատասխան հունիսին Մոսկվայում ամերիկացի դիվանագետի վրա հարձակման: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը:

«Հունիսի 17-ին մենք Միացյալ Նահանգներից ռուսական երկու դիվանագետի ենք արտաքսել՝ ի պատասխան հարձակման»,- ըստ Gazeta-ի՝ հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ հրաժարվելով լրացուցիչ մեկնաբանություններից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի սկզբին ռուսական ԱԴԾ-ի աշխատակիցը Մոսկվայի կենտրոնում Միացյալ Նահանգների դեսպանությունից դուրս գալիս հարձակվել է ամերիկացի դիվանագետի վրա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ամերիկացի դիվանագետը, որի նկատմամբ, իբր, ուժ է կիրառվել, ԿՀՎ-ի աշխատակից է եւ ինքն է հարձակվել ռուս ոստիկանի վրա: The Washington Post-ը հաստատել է, որ Մոսկվայում հարձակման ենթարկված ամերիկացին իսկապես հետախուզության աշխատակից է եղել: