Մոսկվան ամերիկացի երկու դիվանագետի պերսոնա նոն գրատա է հայտարարել: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ խոսելով ԱՄՆ-ից երկու ռուս դիվանագետի արտաքսման մասին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ի կողմից ոչ բարեկամական քայլից հետո Մոսկվայից ստիպված են եղել հեռանալ ԱՄՆ դեսպանատան երկու դիվանագետ: Նրանք պերսոնա նոն գրատա են հայտարարվել իրենց դիվանագիտական գործունեությանը չհամապատասխանող վարքագծի պատճառով: «Հուսով ենք, որ Վաշինգթոնում ամեն դեպքում հասկանում են ագրեսիվ հակառուսական գծի սխալականությունը:Եթե այնտեղ որոշեն հետագայում էլ շարժվել հարաբերությունների սրման ուղղությամբ, ապա առանց պատասխան չեն մնալու», - ընդգծել է Ռյաբկովը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ԱՄՆ-ն, ի պատասխան Մոսկվայում ամերիկյան դեսպանատան մոտ տեղի ունեցած ԿՀՎ-ի աշխատակիցների մասնակցությամբ պատահարի, երկու ռուս դիվանագետ է արտաքսել երկրից: Ամերիկյան կողմը վստահեցնում է, որ իրենց «դիվանագետը ծեծի է ենթարկվել ռուսաստանցի անվտանգության աշխատակցի կողմից»: Իր հերթին ռուսական կողմը հաստատում է, որ ԿՀՎ-ի աշխատակիցը, դուրս գալով տաքսիից, փորձ է արել ներխուժել դեսպանատուն, առանց անցագիրը ցույց տալու եւ թաքցնելով դեմքը: Արդյունքում նրա եւ ոստիկանի միջեւ վիճաբանություն է բռնկվել: Միաժամանակ «ամերիկացին արմունկով հարվածել է ռուս իրավապահ մարմնի ներկայացուցչին»:




























