Կառավարությունն այսօր` հոկտեմբերի 7-ին ձեռնպահ է մնացել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի եւ Ռաֆիկ Պետրոսյանի՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը։ Պատգամավորներն առաջարկում են ճանապարհային երթեւեկության խախումների համար տուգանքը մինչեւ 3 օրում վճարելու դեպքում կիրառել զեղչեր, իսկ ուշացնելու դեպքում՝ հավելյալ տուգանքներ։ Այսինքն՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում տուգանքի չափը կրճատվում է հիսուն տոկոսով, 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը կրկնապատկելու է, իսկ 60 oրվա ընթացքում չվճարելու դեպքում՝ եռապատկելու։ Տուգանքի վճարումից չարամտորեն խուսափողների նկատմամբ առաջարկվում է կիրառել դատական կարգով տուգանքի բռնագանձման մեխանիզմը։
Միջազգային փորձի ուսումնասիրությունից պարզվել է, որ Իսպանիայում եւ Եգիպտոսում տեղում վճարելու դեպքում տուգանքը կրճատվում է 50 տոկոսով:
Ֆրանսիայում տուգանքը տեղում կամ 24 ժամվա ընթացքում վճարելու դեպքում այն կրճատվում է 30 տոկոսով, մինչդեռ օրենքով սահմանված 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում այն ավտոմատ ավելանում է` նշանակալի չափով:
Գերմանիայում տուգանքը տեղում կամ 3-7 բանկային օրվա ընթացքում վճարելու դեպքում այն 30-ից 50 տոկոսով իջեցվում է, իսկ մեկ ամիս եւ ավելի չվճարելու դեպքում 2-3 անգամ ավելանում:
Որոշ պետություններում՝ Բելգիա, Իսրայել, Իսպանիա, ԱՄՆ, տուգանքը սահմանված ժամկետում չվճարելու համար նախատեսվում է տրանսպորտային միջոցի բռնագրավում` որպես գրավ եւ տուգանային հրապարակում այն պահպանելու համար որոշակի վճար, իսկ Ճապոնիայում` վարորդական իրավունքի զրկում:
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը NEWS.am-ի հետ զրույցում ընդունեց, որ սույն մեխանիզմը աշխարհի տարբեր երկրներում դրական արդյունքներ է տվել, սակայն նշեց, որ այն պահանջում է համալիր մոտեցում։
«Մենք սկզբունքի առնչությամբ առարկություն չունենք, այն Արեւմտյան Եվրոպայի երկրներում իրեն արդարացրել է։ Մեր խնդիրը հետեւյալն է՝ պատասխանատվության առումով պետք է ապահովել միասնականություն։ Եթե այս ինստիտուտը ընդունում ենք, դա պետք է անել այլ ոլորտներում եւս։ Նույն այդ երկրներում այդ ինստիտուտը կիրառվում է ոչ միայն ճանապարհային երթեւեկության խախտման դեպքերում։ Դա կարող է վերաբերել աղբահանության, բնապահպանության, սանիտարական ոլորտներին եւ այլն»,- ասաց Գ. Դանիելյանը։




























