Իսրայելում Կիներետ լճի մոտ հնագույն Խուկոկ քաղաքի սինագոգի պեղումների ժամանակ աշխարհի մի քանի համալսարանների հնագետները խճանկար են հայտնաբերել, որում Նոյան տապանի եւ հրեա ժողովրդի առաջ նահանջող Կարմիր ծովի մասին պատկերներ կան: Գիտնականները ենթադրում են, որ այդ տեսարանները չափազանց հազվագյուտ են նման համադրությամբ եւ մինչ այս գտածոն, դրանցից շատ քիչ է հայտնաբերվել, հայտնում է Daily Mail-ի կայքը:
Խճանկարը զարդարում է Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում կառուցված 5-րդ դարի սինագոգի նեֆի հատակը: Դրա վրա եգիպտական փարավոնի զինվորներ են պատկերված շրջված մարտակառքերով, ձիերով, որոնց կլանում է հսկայական ձուկը:
Բացի այդ, խճանկարային պատկերների թվում հնարավոր է սյուժեներ հայտնաբերել Նոյան տապանի մասին, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր կենդանիների զույգեր, ներառյալ փղերի, ընձառյուծների, ավանակների, օձերի, արջերի, առյուծների, ոչխարների եւ այծերի: Պեղումների ղեկավար Ջոդի Մեգնեսի կարծիքով, այդ տեսարանները շատ հազվագյուտ են անտիկ սինագոգների համար:
Խուկոկում 2012 թվականից ի վեր ամեն ամառ պեղումներ են կատարվում: Ավելի վաղ արդեն հայտնաբերվել էին խճանկարներ, որոնք բիբլիական սյուժեներ են պատկերում. Սամսոնին եւ աղվեսի, ինչպես նաեւ Սամսոնին, որն իր ուսերին կրում է Գազայի դարպասները: Բացի, այդ, պեղումների վայրում տեսարան է հայտնաբերվել, որը պարունակում է եբրայերենով գրություն, որը շրջանակված է մարդկային ֆիգուրներով, կենդանիներով եւ առասպելական արարածներով:





























