ՆԱՏՕ–ի անդամ երկրները Վարշավայում գագաթնաժողովի աավարտին հայտարարեցին, որ պատրաստ են Ռուսաստանի  հետ «կառուցողական հարաբերությունների», երբ որ Մոսկվան դրան պատրաստ լինի։ Իսկ մինչ այդ դաշինքը պատրաստվում է Բալթյան երկրներում ռուսաստանցի «քաղաքավարի մարդկանց» հնարավոր հարձակումը հետ մղելուն, եւ արդեն որոշում կա արեւմտյան զորքերի գումարտակներ տեղակայել այդ երկրներում։

Վարշավայի գագաթնաժողովի ամփոփ փաստաթուղթն աննախադեպ ծավալուն էր եւ պարունակում էր 139 կետ, որոնք ընդհանրացնում են ՆԱՏՕ–ի նվաճումներն ու խնդիրները հիմնական ուղղություններով՝ հավաքական պաշտպանության եւ զսպման (առաջին  հերթին ի պատասխան Ռուսաստանի «ապակայունացնող» գործողությունների) համակարգերի արդիականացում, Եվրատլանտյան տարածաշրջանի սահմաններից դուրս (ինչպես Արեւելք, այնպես էլ Հարավ) «կայունության նախագծում», այդ թվում՝ Դաշինքի կողմից հասցեական գործընկերությունների համակարգերի զարգացման ճանապարհով, ինչպես նաեւ ՆԱՏՕ–ԵՄ հարաբերությունների եւ տրանսատլանտյան կապերի ամրապնդում։

ՆԱՏՕ–ն՝ «հիբրիդային պատերազմի» սպասումներով

Գագաթնաժողովի ավարտին ընդունված կոմյունիկեում նշվում է, որ ՆԱՏՕ–ն ոչ մի պետության սպառնալիք չի ներկայացնում, ինչպես նաեւ նշված է, որ դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսությանը։ Սակայն այդ երկխոսությունը դժվար թե լայն լինի։ ՆԱՏՕ–ն այս պահին ՌԴ–ի հետ շփումներում շահագրգռված է «ռազմական միջադեպերի նվազեցման» եւ «թափանցիկության մակարդակի բարձրացման» ուղղությամբ։

Վարշավայում ընդունված որոշումներից մեկը դաշինքի ռազմածովային բաղադրիչի զարգացումն է, որով երկար ժամանակ գրեթե չէին զբաղվել։ Նավատորմի կազմում, որը կզբաղվի նաեւ ծովահենության դեմ պայքարով, կընդգրկվեն ստորջրյա եւ վերջրյա տարրեր, ինչպես նաեւ ծովային հետեւակի ուժեր։

Վարշավայի գագաթնաժողովում որոշում էր կայացվել Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում եւ Լեհաստանում ՆԱՏՕ–ի 4 գումարտակ տեղակայել։ 4–հազարանոց ընդհանուր կազմով գումարտակները կհայտնվեն 2017-ին։ Զինվորականները, որոնք կներկայացնեն դաշինքի միջազգային ուժերը, կարող են օգտագործվել այդ պետություններում «հիբրիդային պատերազմին» հակազդելու համար։

Ղարաբաղյան հակամարտությունը՝ ՆԱՏՕ–ի զգոն հայացքի ներքո

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ՆԱՏՕ–ի անդամ չեն, սակայն Հյուսիսատլանտյան բլոկի Վարշավայի գագաթնաժողովում ղարաբաղյանբ  հակամարտության խնդրին անդրադարձ կատարվեց. հարցն ընդգրկված էր ամփոփ կոմյունիկեում։

Գագաթնաժողովից առաջ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ–ն աջակցում է այն ջանքերին, որոնք ուղղված են բանակցությունների ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը: «Մեր ասելիքն այն է, որ մենք կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը ու զերծ մնալ բռնությունից, նաեւ շարունակել բանակցությունների ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումը»,- նշել է նա:

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն իր հերթին հետեւյալ հայտարարությունն էր արել. «Ստատուս քվոն չի կարող այսպես երկար շարունակվել, այն պետք է փոխվի, և դա պետք է արվի բանակցությունների միջոցով։ Հիմա շատ գաղափարներ կան բանակցային սեղանին, Ադրբեջանի արտգործնախարարն էր վերջերս ՆԱՏՕ-ում՝ հայաստանցի գործընկերոջ այցից հետո, երկուսն էլ հստակ ներկայացրին իրենց մոտեցումները։ 

Ափաթուրայի խոսքով՝ ՆԱՏՕ–ում հետևում են, թե ինչ է կատարվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

«Երկուսն էլ ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերներ են, մենք մտահոգված ենք այս խնդրով, և դա առավել ակնհայտ էր ապրիլյան քառօրյա բախումների ժամանակ, որոնք իրենց բնույթով տարբերվում էին մինչ այդ արձանագրվող՝ փոքր մասշտաբի միջադեպերից։ Բարեբախտաբար, երկու երկրներն էլ զերծ մնացին, իմ կարծիքով, շատ վտանգավոր այդ իրավիճակից», - ասել է Ափաթուրայը։

Պաշտոնական Երեւանը հակված է ոսկե միջինին. փորձագետները դրական բան են փնտրում

Ափաթուրայի  հայտարարությանը հետեւեց ՀՀ ԱԳՆ արձագանքը, որում նշվում է, որ ՆԱՏՕ–ն չի զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, բայց աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին։ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի խոսքով՝ ՆԱՏՕ-ն նախկինում եւս բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը. «Ինչպես նաեւ նորություն չէ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի գործընկերներն են»։

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում իր հերթին հիշեցրեց, որ ԼՂ խնդրի շուրջ քննարկումները վերաբերել են այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում եւ վերահաստատվել Սանկտ-Պետերբուրգում։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով վաղ թե ուշ ՆԱՏՕ–ն ավելի կծավալվի դեպի Արեւելք, եւ Հայաստանը պետք է դա հասկանա։ «ՆԱՏՕ–ն ամրացնում է իր ենթակառուցվածքներն Արեւելքում, իսկ նշանակում է՝ ժամանակի հետ պատրաստ կլինի ընդունել նոր երկրներ։ Եվրոպայի միավորման գաղափարը կավարտվի հետխորհրդային տարածքում։ Հայաստանը չի ուզում հասկանալ պատմության այդ անդառնալի ընթացքը, որն այլընտրանք չունի»։

Նա հավելել է, որ Հայաստանը պետք է հասկանա, որ միավորված Եվրոպայի մասը դառնալը պատմական շանս է։

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը դրական է գնահատել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովը, քանի որ նրանում Հայաստանի՝ ամենաբարձր մակարդակով մասնակցությունը (գագաթնաժողովին ներկա էր ՀՀ նախագահը, խմբ.)։  «Հայաստանը պետք է կարողանա առաջին հերթին իր շահերը ներկայացնել, ուրախ եմ, որ Հայաստանը ամենաբարձր մակարդակով է մասնակցում այդ գագաթաժողովին, որտեղ կարող է ներկայացնել մեր խնդիրները, միաժամանակ ինչ-որ չափով այդ մասնակցությամբ ապահովել պաշտպանություն, քանի որ նույն գագաթաժողովը կարող են օգտագործել նաեւ մեր թշնամիները՝ Ադրբեջանը կամ Թուրքիան, եւ մենք այստեղ հնարավորություն ենք ստանում թույլ չտալ, որ մեզ ուղղված անպատասխան հարվածներ լինեն»,– ասել է Պողոսյանը։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատմանը, որը նկատվում է ընթացող գագաթաժողովից ֆոնին, Պողոսյանը կարծիք հայտնեց, որ չի կարծում, թե այդտեղ Հայաստանի համար վտանգներ կան: «Պարզապես մենք պետք է կարողանանք մեր շահերով առաջնորդվել, եւ հասկանալ, որ երկու մեծ ուժերի բախման մեջ չունենք այն դերակատարումը, որը պետք է ապահովի այս կամ այն կողմի շահերը: Իսկ ՆԱՏՕ-ի կողմից Արեւելյան Եվրոպայում Հակաօդային պաշտպանության համակարգերից չպետք է վախենալ, որովհետեւ դա պաշտպանողական համակարգ է։

Ինձ չի թվում, որ ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմական գործողություններ կլինեն, բայց եթե նույնիսկ նման առճակատում էլ լինի, երկու կողմն էլ երեւի լավ հասկանում են, որ Հայաստանն այն դերակատարումը չի ունենալու, որոնց համար իրենք կարիք են ունենալու Հայաստանի հաշվին քայլեր անել: Հայաստանը ՆԱՏՕ-ի լավագույն գործընկերներից է, նաեւ համարվում է, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Երկուսի հետ էլ մենք ունենք ձեւաչափեր՝ ներկայացնելու մեր խնդիրները: Ես վստահ եմ, որ ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատման շրջանակում ունակ ենք միշտ բանակցել ու հասկացնել, որ իրենց առճակատման հարցերը լուծելիս Հայաստանը չօգտագործվի»: