Մուսուլմանների սոցիալապես ինտեգրվածության մակարդակը Ֆրանսիայում բարձր չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց արագաբետ Հայկ Քոչարյանը՝ անդրադառնալով հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությանը:
Նրա խոսքով, մի քանի պատճառներ կան, որ ահաբեկիչների թիրախում հիմնականում Ֆրանսիան է հայտնվում. «Նախ Ֆրանսիան ունի շատ մեծ մուսուլման բնակչություն, նաեւ միգրանտների մեծ քանակ: Երկրորդ. վերահսկողության տեսանկյունից միջոցառումները բավարար չեն իրականացվում, դրա համար ավելի հեշտ են դառնում նման գործողությունները: Բացի այդ, բյուրոկրատական քաշքշուկների հետ կապված գործընթացներ գոյություն ունեն, որի հետեւանքով շատ հաճախ չեն կարողացել ժամանակին կանխել ահաբեկիչներին կամ այն մարդկանց, որոնք հայտնվում են այդ ցանցի մեջ»:
Արաբագետը նկատեց, որ Ֆրանսիայում վերջին մի քանի խոշոր ահաբեկչությունները դիտարկելիս կարելի է տեսնել, որ ահաբեկիչները հայտնվել են իրավապահների տեսադաշտում, բայց ինչ-ինչ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով դուրս են մնացել հետագա ուսումնասիրություններից:
«Բայց պետք չի մտածել, որ միայն Ֆրանսիայի գլխին է կախված այդ սպառնալիքը, բոլոր երկրներն էլ ահաբեկչության թիրախում են, բայց այստեղ դեր է խաղում տվյալ երկրի անվտանգության ծառայությունների համակարգված ու պատշաճ աշխատանքը: Եթե հետեւենք լրահոսին, կտեսնենք, որ ահաբեկչական բջիջներ բացահայտվում են ոչ միայն Ֆրանսիայում»,-ասաց նա:
Հարցին, թե կարելի՞ է ասել, որ ի տարբերություն մյուս երկրների, Ֆրանսիայում այդ բյուրոկրատական քաշքշուկներն ավելի շատ են, Հայկ Քոչարյանը պատասխանեց. «Իրականում, սոցիալապես ինտեգրվածության մակարդակը Ֆրանսիայում բարձր չէ: Տեսեք, Նիսում ահաբեկչության հեղինակը Ֆրանսիայի քաղաքացի է, այսինքն երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում, բայց չի ինտեգրվել: Այսինքն մարդիկ կարող են մի քանի սերունդ ապրել այդ միջավայրում ու չինտեգրվել տեղի հասարակությանը: Իսկ մյուս երկրներում ավելի համակարգված աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ»:
Իսկ ինչ պետք է անի Ֆրանսիան, հետագայում կանխելու համար նման ահաբեկչությունները հարցին էլ արձագանքեց. «Նախ պետք է ուշադրություն դարձնել սոցիալական ներգրավվածությանը, մյուս կողմից պետք է փորձել օժանդակել տեղական մուսուլմանական համայնքները, իրենց վերահսկողության շրջանակում պահել մուսուլմանական բնակչությանը, որպեսզի զրկեն նրանց ահաբեկչական ցանցերի մեջ հայտնվելու հնարավորությունից»:
Նրա խոսքով, Ֆրանսիան էլ, մյուս երկրների պես ուզում է, որ ահաբեկչությունը չլինի, բայց պետության տարբեր ինստիտուտների միջեւ հակամարգումն ու արդյունք ստանալը, ցավոք, սրտի երկար ժամանակ է պահանջում:





























