Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հրապարակավ պատասխանել է սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) հարցերին։ Ստորեւ ներկայացնում ենք հարցուպատասխանը՝ որոշ կրճատումներով։
Ինչքա՞ն գյուղացիական տներ են դատարկ Հայաստանի գյուղերում:
Զանգվածային արտագաղթ հանրապետությունից տեղի է ունեցել 1990- ական թվականների առաջին կեսին: Այդ ժամանակահատվածում միայն օդային տրանսպորտով արտագաղթել է ավելի քան 600 հազար ՀՀ քաղաքացի: Այնուհետև ժողովրդագրական վիճակն աստիճանաբար բարելավվել է եւ ներկայումս անգամ դրսևորվում են ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների ներգաղթի միտումներ (վերջին 2 տարվա ընթացքում քաղաքացիություն է շնորհվել 6 հազ. սփյուռքահայի):
Հանրապետությունում դատարկ «գյուղացիական տների» հաշվառում չի իրականացվում, իսկ ժողովրդագրական իրավիճակի և միգրացիոն տեղաշարժերի մասին տեղեկատվությունը, մասնավորապես, կարելի է ստանալ, համապատասխանաբար, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mss.am և միգրացիոն պետական ծառայության www.dmr.am ինտերնետային կայքերից:
Ինչո՞ւ է գյուղացին լքում գյուղը եւ հողը:
Ուրբանիզացիայի գործընթացները բնորոշ են երկրագնդի գրեթե բոլոր երկրներին: Գյուղական բնակավայրերից դեպի քաղաք (ներքին միգրացիա) արտագաղթող բնակչությունը ձգտում է ինքնադրսևորվել եւ այդ միտումն ունի նաեւ դրական արդյունք, քանի որ բազմաթիվ նախկին գյուղաբնակներ ունենում են բարձր նվաճումներ գիտության, մշակույթի, սպորտի, պետական ծառայության եւ բազմաթիվ այլ ասպարեզներում: Այլ հարց է, որ ներկայումս առկա է գյուղական եւ քաղաքային բնակչության միջեւ կյանքի որակի որոշակի բեւեռացումը` սոցիալական ենթակառուցվածքների (առողջապահական, գիտակրթական, բնակկոմունալ և այլն) մատչելիության (հասանելիության) տեսանկյունից:
Զարգացած պետությունների համեմատությամբ դեռեւս անբարենպաստ են նաեւ գյուղատնտեսական արտադրության համար իրավաօրենսդրական եւ տնտեսական դաշտը, մրցակցային միջավայրը, ոլորտում ներդրումային գրավչությունը: Ծառացած խնդիրները բազմաթիվ են եւ բազմաբնույթ, դրանք կուտակվել են տասնամյակներ շարունակ:
Ինչո՞ւ է Հայաստանի համար գերթանկարժեք վարելահողի 50 տոկոսն անմշակ:
Հողի, գյուղտեխնիկայի, անասնագլխաքանակի եւ արտադրական այլ միջոցների սեփականաշնորհման (մասնավորեցման) ժամանակահատվածում ձեւավորվել են փոքր չափերի բազմահազար գյուղացիական տնտեսություններ (ներկայիս դրությամբ ավելի քան 340 հազ.) եւ գյուղատնտեսական արտադրությունն իրականացվում է շուրջ 1200 հազար մասնատված հողաբաժինների վրա, որոնց զգալի մասը գտնվում են բնակության վայրից մեծ հեռավորության վրա: Դա է պատճառներից մեկը, որ ներկայումս նպատակային չօգտագործվող շուրջ 150 հազ. հա վարելահողերից (վարելահողերի 33.3 տոկոս) գրեթե 60 տոկոսը վերածվել են խոտհարքների, քանի որ դրանց նպատակային օգտագործումը դեռեւս տնտեսապես անարդյունավետ է, շուրջ 15 հազ. հա չմշակվող վարելահողերը գտնվում են արեւելյան սահմանամերձ գոտում, մի մասը գտնվում է ցելի տակ, կամ անջրդի են` ոռոգման ցանցերի չգործելու հետևանքով, մի մասի չօգտագործումն էլ պայմանավորված է գյուղաբնակների դեռեւս ցածր եկամուտներով, վարկային ռեսուրսների ստացման դժվարամատչելիությամբ, ֆիզիկական ենթակառուցվածքների (ճանապարհներ, տրանսպորտ) թերզարգացությամբ և մի շարք այլ պատճառներով:
Ինչո՞ւ է Հայաստանում 1 կգ կարագին համարժեք կաթը (21 լիտր) կարագից 3 անգամ թանկ:
Իրացվող կարագի գերակշռող մասը ներմուծվում է արտերկրից, իսկ կաթը` տեղական արտադրության է: Կաթի մթերման գինը, միջինը 1 լիտրի համար, կազմում է շուրջ 130 դրամ: Այդ պատճառով համադրելի են միայն տեղական արտադրության կաթի հումքով արտադրված կարագի գները, ընդ որում անհրաժեշտ է հասկանալ վերամշակված արտադրանքի ինքնարժեքում հումքի եւ նյութերի արժեքի տեսակարար կժիռը, որը, կապված արտադրատեսակից, տատանվում է հիմնականում, 50-80 տոկոս միջակայքում: Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել պահպանման, փոխադրման, փաթեթավորման եւ այլ ծախսերը:
Ինչո՞ւ է Հայաստանը տարեկան 400-500 մլն դոլար տալիս օտար գյուղացուն, եթե դրա կեսի մեկանգամյա ներդրումով ներկրվող սննդամթերքի 80 տոկոսը մշտապես կարող է արտադրվել տեղում:
Արտաքին առեւտուրը կառուցվում է բացարձակ եւ հարաբերական առավելությունների սկզբունքների վրա: Որոշ պարենամթերքի ներմուծումն անխուսափելի է (ցիտրուսներ, կարագ, պարենային ցորեն, հատիկաընդեղեն, թռչնի միս եւ այլն), դրանցից մի մասի արտադրությունը կարելի է զարգացնել տեղում եւ ներմուծել փոխարինման ծրագրերն արդեն իսկ իրականացվում են: Այդուհանդերձ, լինելով ԱՀԿ-ի անդամ, բացի թույլատրելի սահմանափակ գործիքներից (տարիֆային կարգավորում, բուսասանիտարական կանոններ, անասնաբուժական կարանտին միջոցառումներ) այլ միջոցներով մեխանիկական արգելքներ ստեղծել արտահանմանը կամ ներմուծմանը թույլատրելի չէ: Բայց , ինչպես իրավացիորեն նշում ենք Ձեր հարցադրման մեջ, լրացուցիչ աջակցություն ցուցաբերելով պետք է մրցունակ դարձնենք որոշ պարենամթերքների արտադրությունը եւ դրանով իսկ ներմուծումը փոխարինենք տեղական արտադրությամբ: Իրականացվող տնտեսական քաղաքականության առանցքային գերակայություններից է` միջպետական առևտրային հաշվեկշռի բարելավումը:
Ինչո՞վ է բացատրվում հացի թանկացումը եթե նույնիսկ թանկացած ալյուրի պարագայում հացը վաճառվում է իր ինքնարժեքից 2-4 անգամ թանկ:
Հացի արտադրության գործընթացում վերամշակման եւ փոխադրման ծախսերը կազմում են հումքի (ալյուրի) ներկայիս արժեքի շուրջ 50-55 տոկոսը, որին ավելանում է 20-25 տոկոս շահույթ, հարկեր, ինչպես նաեւ 20-25 տոկոսով հացի գինն ավելանում է վաճառքի կետերում: Արդյունքում` հացի իրացման գինը կազմում է ալյուրի գնի գրեթե կրկնապատիկը:
Ինչո՞ւ է մսի, կաթնամթերքի եւ այլ սննդատեսակների ներմուծումը 8 տարում կրկնապատկվել, երբ բնակչությունը զգալի նվազել է, միգուցե գյուղացի՞ն է դադարել արտադրել:
Վերջին 8 տարում բնակչությունը չի նվազել: Այդ ժամանակահատվածում (բացառությամբ` 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամային տարուց) մսի, մսամթերքի, կաթի, կաթնամթերքի եւ տեղական արտադրության կենդանական ու բուսական ծագման այլ արտադրանքի ծավալները չեն նվազել: Նշվածի հետ մեկտեղ, շեշտակի ավելացել է սպառվող սննդամթերքի քանակը:
Ինչո՞ւ է գյուղացին վճարում ինքնահոս, սպասարկման ոչ մի ծախս չունեցող ջրից օգտվելու համար:
Անգամ ինքնահոս մատակարարվող ջրի վրա կատարվում են որոշակի ծախսեր, օրինակ` ջրացանցի կառուցման, պահպանման, մաքրման համար եւ այդ առումով ոռոգման ջուրը սպասարկման կետում հանդիսանում է ոչ թե բնական ռեսուրս, այլ` որպես ապրանք: Հանրապետությունում սահմանված է ոռոգման ջրի միասնական սակագին, ընդ որում ոռոգման ջրի արժեքի մի մասը սուբսիդավորվում է ՀՀ պետական բյուջեից:
Կատարվե՞լ են, արդյոք, ձեր իսկ ծրագրով նախատեսված վերջին 3 տարում 5000 հա խաղողի այգետնկումների, 19000 հա անտառապատման խնդիրները, 30 տոհմաբուծարաններիհիմնումը, եթե այո, ապա` որտե՞ղ:
Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասական ներգործություն է ունեցել գրեթե բոլոր պետությունների վրա: Հայաստանի գյուղատնտեսություններում նույնպես արձանագրվում են որոշ անկումային գործընթացներ, որի հետեւանքով ծրագրերով նախատեսված որոշ միջոցառումներ նախատեսված ծավալներով չեն իրականացվել: Հարկ է նշել, որ վերջին տարիներին Եվրոպական երկրներից հանրապետություն է ներմուծվել բարձր մթերատու եւ տոհմային հատկանիշներ ունեցող երինջներ եւ տարաժամկետ վճարման պայմանով տրամադրվել է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի գյուղատնտեսություններում տնտեսվարողներին եւ արդյունքում ձևավորվել է 10-ից ավել տոհմային տնտեսություններ, ծրագիրը շարունակվում է:
Արդյոք, 900 գյուղ ունեցող Հայաստանի համար շատ չե՞ն տարեկան 2500 դիպլոմավորված գյուղմասնագետները:
Մրցակցային եղանակով ուսում ստանալու իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Կրթության բնագավառում միասնական քաղաքականության մշակումը և իրականացումը վերապահված է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը:




























