Մի քանի հարյուր ցուցարարներ այսօր՝ հուլիսի 22-ին, երեկոյան կրկին հավաքվել են Երեւանի Խորենացի փողոցում՝ իրենց աջակցությունն այդ կերպ հայտնելով ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարների շարքերը գնալով ավելանում են։ Խորենացի փողոց է եկել նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ։ Նշենք, որ Փաշինյանը երեկ հայտարարել էր, թե անելիք չի տեսնում Խորենացի փողոցում, սակայն այսօր նոր տեսանյութ էր տարածել, նշել, որ լինելու է այնտեղ։
Մեր թղթակցի փոխանցմամբ, ոստիկանության նոր ուժեր են բերվել Խորենացի փողոց։
Այս պահին իրավիճակը Խորենացի փողոցում համեմատաբար հանգիստ է:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը: Մինչ այժմ իրականացվող գործողության շրջանակներում ազատվել է հինգ անձ: Այս պահին պատանդների թիվը 4 է


































