Այս գիշեր ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ ոստիկանության եւ «Սասնա ծռեր» խմբի անդամների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորված երկու անձինք տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Առողջապահության նախարարությունից:
Մեր տեղեկություններով, նրանք վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու «Սասնա ծռերի» անդամների միջեւ, վիրավորվել են Աշոտ Պետրոսյանը (նկարիչ Աշոտ) ու Հովհաննես Հարությունյանը։
Ըստ «Սասնա ծռեր» խմբավորման հայտարարության ՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը:
Ոստիկանությունն էլ հայտարարել է, որ ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։
Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։ Հրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել եւ նահանջել գնդի տարածք։ Ներկայումս երկու վիրավորները՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, գտնվում են հիվանդանոցում եւ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

































