Համաշխարհային բանկն աշխատում է Ադրբեջանի կառավարության հետ բանկային ոլորտում վարկերի խնդիրները նվազեցնելու համար: Այս մասին  հայտնել է ՀԲ Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը, փոխանցում է Trend-ը:

«Ներկայումս ՀԲ-ն ֆինանսական սեկտորին տեխնիկական աջակցություն է ցուցաբերում, դրա համար մենք համապատասխան թիմ ունենք, որն օգնում է բանկային սեկտորի զարգացմանը: Ինչպես գիտեք կառավարությունն անցել է մանաթի լողացող կուրսին, երկրում նաեւ տեղի է ունեցել դեւալվացիա, լիկվիդայնության խնդիրների պատճառով փակվել են 8 բանկեր: Այդ պատճառով ՀԲ-ն աշխատում է կառավարության հետ՝ օգնելու համար նվազեցնել խնդրահարույց վարկերի ծավալը, իսկ դա իր հերթին թույլ կտա նվազեցնել  լիկվիդայնության խնդիրը»,- ասել է բանկի թոփ մենեջերը:

Թեմբոնի խոսքով՝ բանկերին աջակցություն է ցույց տրվում նաեւ Միջազգային ֆինանսական ընկերության (IFC) միջոցով, որը մտնում է ՀԲ կազմի մեջ:

Ադրբեջանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2016 թվականի մայիսի սկզբին ժամկետանց վարկերի ծավալը հասել է 1 381,3 մլրդ մանաթի, ինչը 10 տոկոսով ավելի է 2015 թվականի ապրիլի վերջի ցուցանիշից: 2015 թվականի հունվարի վերջի համեմատությամբ (մանաթի առաջին դեվալվացիա  ցուցանիշը) ժամկետանց վարկերի ծավալն աճել է 34 տոկոսով: Ժամկետանց վարկերը կազմում են երկրի բանկերի վարկային կապիտալի 7,36 տոկոսը: