Արցախի Ազգային ժողովում հուլիսի 30-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:
Ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները՝ հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ քննարկումների ընթացքում ներկայացված կարծիքներն ու գաղափարները օգտակար էին ու հետաքրքիր և դրանք նպաստել են հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունների ձևավորմանը:
Մասնագիտական հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ հաստատել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն առաջարկվել է Հանրապետության Նախագահի հավանությանը:




























