Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով հուլիսի 29-ին ձերբակալված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ նրա փաստաբանն այսօր` հուլիսիվ 31-ին, կարողացել է հանդիպել: NEWS.am-ի հետ զրույցում Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ Արմեն Մարտիրոսյանը նորմալ վիճակում է, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը` նշելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
«Քիչ առաջ եմ տեսակցել նրան, ըստ էության, ավելացնելու բան չկա: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Իրեն լավ է զգում, նորմալ վիճակում է»,-ասաց փաստաբանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով սահմանված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանությունն ուժային գործողությունների է դիմել: ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա։ Պաշտոնական տվյալներով, 60-ից ավելի մարդ մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցներ: Ակցիայի ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել:




























