Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, օգոստոսի 1-ին, անդրադառնալով զինված խմբավորման կողմից ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման շուրջ ստեղծված իրավիճակին, կարծիք է հայտնել, որ «խաղաղ կարգավորմանը հնարավոր եղավ հասնել Հայաստանի իշխանությունների խոհեմ, համբերատար, հավասարակշիռ մոտեցման եւ ընդունված ճիշտ որոշումների շնորհիվ»։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարը խոսել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ երեկ Թբիլիսիում կայացած հանդիպմանը։
Իր հերթին՝ Վրաստանի վարչապետը իր խորը մտահոգությունն է հայտնել եւ ցավակցել Հայաստանի իշխանություններին երկու զոհերի կապակցությամբ՝ շեշտելով, որ Վրաստանը ողջունում է այն քայլերը, որոնց արդյունքում խնդիրը կարգավորվեց խաղաղ միջոցներով։
Պաշտոնական այցով օգոստոսի 1-ին Թբիլիսի ժամանած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել են տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին, Նալբանդյանը Մարգվելաշվիլիին է ներկայացրել Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ինչը հնարավորություն կընձեռի առաջ մղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը։





























