«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրոհումը հարձակում էր Հայաստանի Հանրապետության վրա: Այս մասին այսօր` օգոստոսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը. «Ես համարում եմ, որ Հայաստանի վրա գրոհ է եղել, իմ անվտագության վրա հարձակում է եղել, ես ունեմ դիրքորոշում` չպետք է գրավվի Հայաստանի որեւէ խրամատ, պոստ: Հիմա դրա անունն ինչ կդնեն` «ահաբեկչություն», թե այլ բան, ինձ չի հետաքրքրում»:
Ազատ Արշակյանը նշեց, որ զինված խմբի` իշխանություններին հանձնվելն արդեն մեղմացնող հանգամանք է նրանց նկատմամբ. «Նրանց չեն քնեցրել, գրոհով չեն զինաթափել, որն արդեն մեղմ մոտեցում է նրանց նկատմամբ: Վարուժան Ավետիսյանի վերջին հայտարարությունը զղջման հայտարարություն էր, որտեղ կոչ արեց այլեւս բռնություն չկիրառել, որը ուղերձ էր «հետագա հեղափոխականների» համար, այսինք` զենք վերցնել միայն Հայաստանի անկախությունը պաշտպանելու համար: Կարեւոր ուղերձ էր եւ կարելի է ենթադրել, որ առաջին օրերի հայտարարությունների զղջում էր: Իրենք փոխվեցին, իրենց կարծիքը փոխվեց, իրենց արարքը վերագնահատեցին, նաեւ հաշվի առան ստեղծված իրավիճակը` հետագա արյունահեղությունն իշխանափոխության չի բերի»,-ասաց նա:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյաննէլ կոչ արեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունները չորակել որպես «ահաբեկչություն», քանի որ այդ եզրույթի օգտագործումը բացասաբար է ազդում երկրի բնութագրի վրա. «Անհրաժեշտ է այս օրերին վերին աստիճանի նրբանկատ լինել: Տեղի է ունեցել մի բան, որը լուծում է տվել այդ լոկալ իրավիճակին, ես կարծում եմ, որ «Սասնա ծռերն» արդեն պարզ արտահայտվել են` ասելով, որ իրենք ավարտած են համարում այդ փուլում իրենց առաքելությունը եւ հանձնվում են»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռերը» հուլիսի 31-ին վայր են դրել զենքերն ու հանձնվել են։ Ըստ ԱԱԾ-ի, ՊՊԾ գնդի տարածքն այժմ ազատված է։





























