ՀՀ ոստիկանություն. նպատակ չի եղել խոչընդոտել դիտորդների խմբի այցելությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի պաշտոնական կայքէջում՝ www.policemonitoring.org, զետեղվել է հրապարակում, ըստ որի` 31.07.2016 թ. դիտորդների խումբը, երբ ցանկացել է մոնիթորինգ իրականացնել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ-ում, հանդիպել է խոչընդոտի` հարակից տարածքը ոստիկանության ստորաբաժանումների կողմից փակված լինելու հետեւանքով:

ՀՀ ոստիկանության կողմից որեւէ նպատակ չի եղել խոչընդոտել դիտորդների խմբի այցելությունը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ կամ այնտեղ պահվող անձանց հարազատների կողմից հանձնուքներ փոխանցելուն: ՁՊՎ-ի հարեւանությամբ գտնվող ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ իրականացվել են միջոցառումներ եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով հուլիսի 31-ին ժամանակավորապես դադարեցվել է տեղաշարժը:

Ներկայումս արգելքները վերացել են եւ ազատ տեղաշարժը վերականգնված է»: