«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը դատապարտել է Երեւանում հուլիսի 29-ին ցուցարարներին ցրելու գործողության ժամանակ ոստիկանության կողմից լրագրողների հանդեպ բռնությունները:

Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ 12 լրագրողներ վիրավորում են ստացել: Քաղաքացիական հագուստով ոստիկանները, զինված մահակներով ու մետաղաձողերով, հարվածներ են հասցրել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողներին: «Ա 1+», CivilNet, 1in.am, Panorama.am, Lragir.am եւ ռուսական Life հեռուստաալիքի լրագրողները ու հեռուստաօպերատորները վիրավորումներ են ստացել ձայնային նռնակների կիրառման հետեւանքով: «Արմենիա» հեռուստաընկերության երկու լրագրողների վրա հարձակվել են քաղաքացիական հագուստով անձինք, որոնք նաեւ կոտրեն են նրանց տեսախցիկն ու բարձրախոսը: Մի քանի լրագրողներ հոսպիտալացվել են այրվածքներով ու այլ վնասվածքներով: «Ակնհայտ է, որ տեսախցիկով լրագրողների վրա հարձակումները միտումնավոր էին»,- հայտարարել է կազմակերպության՝ Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ Խոխան Բիրը: «Նրանցից մի քանիսին շարունակել են ծեծել նույնիսկ նկարահանումները դադարեցնելու խոստումից հետո: Նման վարքագիծը պետք է պատժվի, որպեսզի հետագայում չկրկնվի: Մենք իշխանություններին կոչ ենք անում վերջ տալ լրագրողների հանդեպ ոստիկանական բռնությունների անպատժելիությանը ու հստակ ցուցումներ տալ հետագայում նման ոճով չվարվելու վերաբերյալ»,- նշել է նա: Ոստիկանությունը խոստացել է հետաքննություն իրականացնել, որպեսզի լույս սփռի կատարված դեպքերի վրա:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ անցած տարի 21 լրագրող է նման հանգամանքներում լիազորությունների գերազանցման զոհ դարձել, բայց անհատական գործերով միայն մեկ հետաքննություն է իրականացվել, ու ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել: Նմանատիպ դեպքերը Հայաստանում հաճախ են կրկնվում: