Դատելով Հայաստանի նախագահի ելույթից՝ իշխանությունները գործելու են ռեպրեսիվ մեթոդներով: Այս մասին օգոստոսի 2-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նա հիշեցրել է, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը եւ խմբի անդամների կողմից զենքը վայր դնելուն հաջորդած իրադարձությունների ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ է ելույթ ունեցել, ու պետության ղեկավարի խոսքը ոչ մի անգամ հասցեագրված չի եղել ժողովրդին, այլ միայն մեկ խմբի, եւ անընդհատ շեշտվել է «մենք ու դուք»:

Ըստ Պապյանի՝ տարօրինակ է, որ նախագահը ցավակցել է զոհված ոստիկանների ընտանիքներին, բայց ոչինչ չի ասել աչքը կորցրած 17-ամյա տղայի մասին: «Հնչեց գովասանք իրավապահ մարմինների հասցեին այն դեպքում երբ պետք է հրաժարականներ լինեին, քանի որ Երեւանում գրավել էին ՊՊԾ գունդը, իսկ պատասխանը համարժեք չի եղել»,- շեշտել է Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին իր նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է հասարակայնության ՝ մշակույթի, առողջապահության, լրատվամիջոցների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, օրենսդիր ու գործադիր մարմինների, նաեւ Կաթողիկոսի ղեկավարությամբ՝ հոգեւորականության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում հանրապետության ղեկավարը հայտարարություն է արել զինված խմբի հանձնվելուց հետո երկրում ստեղծված իրավիճակի մասին: