Ոստիկանության ՊՊԾ գնդի հետ կապված այս ամբողջ գործընթացն ունեցել է 3 փուլ. Վիտալի Բալասանյանը կամովին իր վրա է վերցրել բանակցություններ վարելու գործընթացը, որն հիանալի ընթացք է ունեցել, եւ եթե չլինեին սադրիչ գործողությունները, ապա Բալասանյանի միջնորդությունը հաջողությամբ կավարտվեր հենց այդ փուլում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

«Այդ օրերին ամեն օր շփման մեջ եմ եղել Վիտալի Բալասանյանի հետ, օրը մի քանի անգամ: Այս ամբողջ գործընթացը եղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հսկողության ներքո: Ինքն է ղեկավարել պրոցեսը, ցանկացած պահի ընդունել է մարդկանց, որոնք այս խնդրի հետ կապված տանում են աշխատանք եւ քննարկել են այն խնդիրները, որոնք դրված են եղել բոլորի առջեւ,-ասաց Իսագուլյանը:

Նրա խոսքով, բազմաթիվ զրույցներ ու հանդիպումներեն եղել տարբեր քաղաքական գործիչների, կուսակցությունների ղեկավարների հետ, այդ թվում բավականին լուրջ ու երկար զրույց է եղել Ալեք Ենիգոմշյանի, Արա Պապյանի հետ.

«Եվ լրագրողները, եւ շատ-շատերն «Սասնա ծռերի» հետ կապված  այս գործընթացի մեջ տեսել են միայն սառցաբեկորի վերին մասը, իսկ այն տիտանական աշխատանքը, որ տարվել է բոլորի աչքից հեռու, ցավոք, շատերը չեն նկատել»:

Անդրադառնալով բանակցություններին, Իսագուլյանը նշել է, որ բանակցությունների երրորդ փուլում արդեն բավականին անհասկանալի գործողություններ էին կատարվում թե ՊՊԾ գնդում, թե դրսում. «Չկար ընդհանրական համաձայնություն, պարզ զգացվում էր, որ այս գործընթացը ղեկավարվում է ոչ ներսում գտնվող տղաների կողմից, ոչ էլ դրսում գտնվող նրանց կողմից, որոնք իրենց շատ ակտիվ են պահում: Այդ փուլում առաջարկվեց Աշոտ Մինասյանի միջնորդությունը, որն ընդունելը կնշանակեր՝ Վիտալի Բալասանյանն իսկապես ստել է: Վերջին փուլում տղաները հասկացան, որ այլ ելք չկա, ու էլի պետք է մտնել բանակցությունների մեջ, որը եւս վարում էր Վիտալի Բալասանյանը: Տղաները հասկացան, որ իրենց օգտագործում են, ու շատ-շատերին ուղղակի իրենց մահն է պետք, որպեսզի գործընթացներն ունենան այլ շարունակություն, դրա համար զենքը վայր դրեցին»: Իսագուլյանը հստակ պատասխան չտվեց, թե հատկապես ում կողմից էին օգտագործվում «Սասնա ծռերի» տղաները: