Չնայած էլեկտրաէներգիան էժանացել է, սակայն ապրանքները չեն էժանանա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում բիզնեսն առանց այն էլ համարյա զրոյի վրա է աշխատում, եւ էլեկտրաէներգիայի սակագնի աննշան նվազումը կօգնի միայն շունչը ետ բերելուն, սակայն չի ավելացնի շահույթը: «2,58 դրամի աննշան փոփոխությունը հազիվ թե որեւէ բանի վրա ազդի, հատկապես ներկայիս տնտեսական դժվարությունների պայմաններում: Հետեւաբար չարժե ապրանքների էժանացում ակնկալել»,- հավելել է Մակարյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 1 կՎտ/ժամի դիմաց նվազեցվել է 2,58 դրամով: Բայց բնակչության մեծ մասի համար այն դե ֆակտո կաճի (քանի որ կդադարի էլեկտրաէներգիայի 6,93 դրամի չափով փոխհատուցումը): Իսկ քանի որ բիզնեսի համար սուբսիդիա չի եղել, ապա նվազումն իրական կլինի եւ կկազմի 5 – 7 տոկոս (կախված, թե հաստատությունն ինչ լարման հոսանք է օգտագործում):

Թեմա
Տեղադրություն



























