ՀՀ ներկրվող մեքենաների 75%-ի դեպքում մաքսային ոլորտում հնարավոր են կոռուպցիոն ռիսկեր: Այս մասին նշվել է Վանաձորում, հուլիսի 29-ին ԵՄ հայաստանյան պատվիրակության կազմակերպած կլոր սեղանի ընթացքում, հաղորդում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում ԵՄ-ն գործադրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ պետական մարմինների հետ երկխոսություններ կազմակերպելու ջանքեր, որպեսզի նվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը:
Հուլիսի 29-ին նմանօրինակ կլոր սեղան-քննարկում է տեղի ունեցել Վանաձորում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում եղած կոռուպցիոն ռիսկերը:
Տարեկան Հայաստան է ներկրվում միջինում 24 000 (2001-2014թթ.) ավտոմեքենա: Անկախ հետազոտությունն ընդգծել է, որ ներկրվող բոլոր ավտոմեքենաների 75%-ի դեպքում մաքսային ոլորտում հնարավոր են կոռուպցիոն ռիսկեր: Քննարկման վերջում որոշվել է, որ այդ բարձր ռիսկերը վերացնելու համար հարկավոր է ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն ինչպես ՔՀԿ-ները, այնպես էլ պետական մարմինները:
Քննարկման ընթացքում արված առաջարկները Հակակոռուպցիոն խորհրդի առաջիկա հանդիպմանը կներկայացվեն ՀՀ վարչապետին:





























