ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երեւանում վեջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների եւ ներկայիս իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մենք թեթեւացած ենք, որ Էրեբունու ոստիկանական շենքի առճակատումը հուլիսի 31-ին ավարտվեց:

Կրկնում ենք, որ Հայաստանում քաղաքական փոփոխության հասնելու նպատակով բռնության կիրառումն անընդունելի է:

Հուլիսի 30-ին Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր հրապարակել՝ արտահայտելով ԱՄՆ-ի խորը մտահոգությունը հուլիսի 29-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից օգտագործված դաժան մեթոդների, ինչպես նաեւ լրագրողներին եւ նրանց տեխնիկան նշանակետի տակ առնելու վերաբերյալ:

Մենք ողջունում ենք, որ Հայաստանի կառավարությունը հանձն է առել հետաքննել զեկույցները: Մենք ուշադրությամբ կհետեւենք այդ հետաքննության զարգացմանը:

Մենք կառավարությանը կոչ ենք անում, որպեսզի ոստիկանական շենքի առճակատմանը մասնակցած անձանց օրենքի սահմաններում հավասար եւ արդար վերաբերմունք ցուցաբերի»: