«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին մեղադրում են 4 դրվագով, որոնցից երկու դրվագը վերաբերում է նրան, որ նա տեղեկություններ է տարածել, մասնավորապես ապստամբերին հայտնել է, որ զինված տեխնիկան շարժվում է դեպի գունդը, եւ դրանով խափանել իրավապահների զինված հարձակումը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նրա խոսքով, երկրորդ դրվագն այն է, որ «նպատակ ունենալով քաղաքացիների մոտ վարկաբեկել իրավապահ մարմիններին, տարբեր մարդկանց միջոցով համացանցում տարածել է տեղեկատվություն, թե իբր ոստիկանների կողմից զինված խմբին փոխանցված սննդից նրանք թունավորվել են»:

«Երրորդ դրվագն այն է, որ միջոցներ է ձեռնարկել Ազատության հրապարակից քաղաքացիներին գնդի մոտակա տարածք տեղափոխելու համար: Վերջին դրվագն էլ այն է, որ ձգտել է ապստամբերի համար ապահովել ռադիոկապ: Վերջին դեպքում գործ ունենք ընդամենը ցանկության հետ: Իրավաբանության մեջ ցանկությունների համար անձը չի ենթարկվում պատասխանտվության: Հստակ երեւում է, որ այստեղ իրավաբանությունն անզոր է: ԱԱԾ-ն բանասերի նման մեղադրանք է առաջադրել, դատարաններն էլ, ցավոք, հաստատում են, անօրինական որոշումները: Մենք շատ ենք հետ գնացել այս ոլորտում»,-հայտարարեց փաստաբանը:

Նա նշեց, որ այդ 4 դրվագները հիմք ընդունելով Կարո Եղնուկյանը մեղադրվում է 38-218 (պատանդառությանն օժանդակելը) եւ 38-219 (շենք շինությունների զավթմանն օժանդակելը) հոդվածներով, որրը նախատեսում է 8-15 տարի եւ 6-12 տարի ժամկետների պատիժներ:

Փաստաբանի խոսքով, ՀՀ օրենսդրությամբ աջակցելը այն է, որ աջակցում են հանցագործությանը, ոչ թե տվյալ անձին:

«Ակնհայտ է, որ իմ պաշտպանյանին արհեստական մեղադրանքներ են առաջադրվել, որպեսզի սահմանափակվի նրա արտահայտվելու ազատությունը,  հավաքների մասնակցելու, կազմակերպելու իրավունքները: Արհեստական մեղադրանքներվ մեկուսացրել են հասարակությունից: Մեղադրանքներին նայելիս տպավորություն է, որ դրանք գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները եւ իրավաբանությունից դուրս են եկել: Այսպես չի կարելի, այսքան անհեթեթ մեղադրանքներով մարդկանց ազատությունները սահմանափակել եւ դարձնել քաղբանտարկյալներ:  Կոչ եմ անում բոլոր այն միջազգային կազմակերպությունները, որոնք կարող են միջամտել, թող միջամտեն, որպեսզի կանխվեն այս անօրինությունները»,- ընդգծեց նա: