Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում ամենացածր շեմի վրա է, որը կապված է դատական համակարգի անկատարության հետ. այս իրավիճակներում էլի կունենանք ՄԻԵԴ ուղարկվող բազմաթիվ գործեր, որովհետեւ մեր դատական համակարգը չի կարողանալու ապահովել մարդու իրավունքները: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը:

Նրա խոսքով, հետաքննության մարմիններն այնքան վստահ են եղել, որ որեւէ մեկին հաշվետու չեն լինելու իրենց ապօրինի գործողությունների համար, որ այդ գործընթացն ուղեկցվել է նույն անօրեն եղանակով, ինչ մարտի 1-ին է եղել:

«Հովսեփ Խուրշուդյանին ձերբակալել են Սարի թաղում ինչ-որ մեկի բնակարանից: Ոստիկանները թափանցել են այդ բնակարան, վերցրել են 10 անձի, չեն լսել տանտիրոջ զայրույթը, որ իրավունք չունեն ներխուժել իրենց բնակարան: Մենք բոլորս էլ գիտենք եւ տեսանյութերում էլ ենք տեսնում, որ խաղաղ հավաք է եղել, երբ ոստիկանությունը 5 րոպե ժամանակ է տվել ու միջոցառում իրականացրել: Չկա էստեղ ոստիկանությանը ցուցաբերած դիմադրություն»,-նշեց Սաֆարյանը:

Նրա խոսքով, 2008-ի մարտի 1-ն իրենց ձեւով կարգավորած քննչական մարմինները այսօր շարունակում են մարտիմեկյան ձեռագիրը, քաղբանտարկյալների նկատմամբ մեղադրանքներն առաջադրվում են նույն սկզբունքներով, անորոշ ձեւակերպումներով:

«Խուրշուդյանի ձերբակալման մեջ նշված է քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի ամբողջ դեիսպոզիցիան, որ նա իբր մասնակցել է զանգվածային անկարգությունների, որոնք զուգորդվել են հրկիզմամբ, գույքի ոչնչացմամբ, ոստիկանությանը դիմադրություն ցույց տալով: Էնքան որ արտագրել են: Միայն մեկ օր հետո ոստիկանները ցուցմունք են տվել, թե նա քարով խփել է ոստիկանի: Ո՞ւր են անկողմնակալ վկաները, եթե նրան բան է տեղի ունեցել:  Միայն ոստիկանների ցուցմունքներով գործերն արժանահավատ չեն: Նույն քարացած մեթոդներն են գործում, նույն արհամարհանքն է միջազգային կառույցների գնահատականների նկատմամբ»,-ասաց նա հավելելով, որ իր պաշտպանյալը իր քաղաքական հայացքների համար է պատժվում, ընդդիմադիր անձ է, որի համար արժանացել է քաղաքական կալածանքի:

Նշենք, որ Հովսեփ Խուրշուդյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը (պատժաչափը 3-7 տարի):