Արեւմուտքը մշակել է Հայաստանում նոր «մայդան» իրականացնելու պլան: Օգոստոսի 4-ին մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում ամեն ինչ արվում է Ռուսաստանից Հայաստանին պոկելու համար: «Դա Արեւմուտքի եւ այն մարդկանց ձեռքի գործն է, ովքեր իրենց ձեռքերը տաքացնում են Արեւմուտքի փողերի վրա»,- ասել է Սարգսյանը:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հայտարարություններին, որ հանրապետությունում կարող են հայտնվել հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավածների նման նոր զինված խմբեր, Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղարը նշել է. «Ահա եւ ստացվում է, որ Արեւմուտքի կողմից մշակվել է հանրապետությունում նոր «մայդան» իրականացնելու պլան, որի նպատակը Ռուսաստանից Հայաստանին պոկելն է՝ մոռանալով հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության մասին»:
Անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարությանը, որ ռուս սահմանապահները պետք է լքեն Հայաստանը, Տաճատ Սարգսյանն ընդգծել է. «Ուզում եմ հարցնել՝ նրանք ո՞ւմ անունից են ելույթ ունենում, եթե նրանց շարքերում մեծ թվով մարդիկ կան, որոնք նույնիսկ Հայաստանի քաղաքացի չեն»: