«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր՝ օգոստոսի 4-ին, դիմել է Վերաքննիչ դատարան՝ Ալեք Ենիգոմշյանի իրավունքների վերականգման եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով: NEWS.am-ի հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ Ալեք Ենիգոմշյանը չի կարողացել ռեալիզացնել իր իրավուքները, որոնք որ կռեալիզացներ հաշմանդամություն չունեցող մարդը:

«Ալեք Ենիգոմշյանի դատավարական իրավունքները խախտվել են, այդ  թվում նաեւ ցուցմունք տալու, առարկություններ հայտնելու, միջնորդություններ  ներկայացնելու, բողոքներ գրելու, դատավարության դատական նիստի ժամանակ չի կարողացել լիարժեք օգտվել իր պաշտպանության իրավունքից, նրան չեն տրել այն փաստաթղթերը, որոնք  տրամադրում են մեղադրյալներին եւ դատավորի պատճառաբանությունն եղել է այն, որ այդ բոլոր իրավունքները վերապահված էին պաշտպանին, մինչդեռ  այդ իրավունքները պետք է կայանան անկախ նրանից՝ պաշտպան ունի, թե ոչ»,-ասաց պաշտպանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 30-ին Ալեք Ենիգոմշյանը երկու ամսով կալանավորվել է: Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։